Մատչելիության հղումներ

logo-print

Մարզային քարոզարշավից գոհ են և՛ «այո», և' «ոչ» քարոզողները


Սահմանադրական հանրաքվե շուրջ քննարկման բանախոսներ Արամ Մանուկյանը (ձ) և Արծվիկ Մինասյանը:

Սահմանադրական հանրաքվե շուրջ քննարկման բանախոսներ Արամ Մանուկյանը (ձ) և Արծվիկ Մինասյանը:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վստահեցմամբ՝ ավելի քան 40 համայնքներ այցելության ընթացքում «Այո»-ի կողմնակցի չի հանդիպել։ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) հակադարձում է, թե իր հանդիպումներում «ճնշող մեծամասնությամբ «այո»-ն է իշխում»:

«Շուրջ հազար չորս հարյուր հոգու հետ զրուցել եմ: Մեկ հոգի, գեթ մեկ հոգի «այո» էս երկրում չկա: Ես ընդամենը հարց եմ տալիս՝ ո՞ւմ էր պետք էս քյալլագյոզությունը, էս պահին բազմաթիվ այլ խնդիրները թողնելը և սրանով զբաղվելը», - տարակուսեց Մանուկյանը:

Նախագիծը Սերժ Սարգսյանի վերարտադրության միջոց համարող ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, բոլորն իրենց հետ համակարծիք են՝ փոփոխության անհրաժեշտություն չկա:

Քարոզարշավի արդյունքներից գոհ են նաև «Այո»-ի կողմնակիցները, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպումներից այլ տպավորություն է ստացել:

«Ոչ»-ը գերիշխող է ձեր հանդիպումների ժամանակ: Իմ հանդիպումների ժամանակ ուղիղ հակառակն է․ ճնշող մեծամասնությամբ «այո»-ն է իշխում», - Մանուկյանին հակադարձեց Մինասյանը:

Նա վստահ է, որ փոփոխությունների արդյունքում «հնարավորություն կստեղծվի բիզնեսը տարանջատել քաղաքականությունից», «կբարձրանա խորհրդարանի որակը», «կմեծանա քաղաքացիների և ընդդիմության դերակատարումը քաղաքական գործընթացներում»։

Մինասյանի խոսքով, փոփոխված Սահմանադրությունը ընդդիմությանը հնարավորություն կտա խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության․ - «Ես հավատացած եմ, որ ցանկացած նախագահ մտածում է պատմության մեջ մնալու մասին և թե ինչ է արել, որպեսզի հետագայում հասարակությունը հիշի և գնահատի այդ արարքը»:

Ընդդիմադիր Արամ Մանուկյանը, մինչդեռ, «բլեֆ» է որակում այն պնդումները, թե Սերժ Սարգսյանը պաշտոնավարման վերջին տարիներին որոշել է մտածել ընդդիմության մասին և լավ անուն թողնել պատմության մեջ․ - «Այսինքն, իշխանությունը էնքան ա դեմոկրատացել, էնքան ա հզորացել, ուժեղացել, որ մեզ համար խաղաղ իշխանափոխության հնարավորություն ա ստեղծում: Սրանից հետո պիտի ասես՝ փառք Ստալինին, որ գարուն ա գալիս ձմեռից հետո»:

Արծվիկ Մինասյանի կարծիքով, հանրաքվեում «այո»-ի հաղթանակը թույլ կտա նաև պատասխանատվության ենթարկել խոստմնազանց կառավարությանը․ - «Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս, որպեսզի կարգավորման էնպիսի համարժեք մոտեցում լինի, որ կառավարությանը պարտավորեցնի, որ՝ հարգելի կառավարություն, եթե դու ինչ-որ բան ես հայտարարել, դու ամեն տարի պարտավոր ես քո հայտարարությանը համապատասխան ներկայացնել, թե ինչ ես իրականացրել: Հիմա էս փոփոխությունները պառլամենտին հնարավորություն են տալիս ոչ միայն քննարկում կազմակերպել, այլ նաև պատասխանատվության առաջ կանգնեցնել թե՛ վարչապետին, թե՛ կառավարությանն ամբողջությամբ և թե՛ առանձին վերցրած նախարարին»:

Մանուկյանը, մինչդեռ, պնդում է, թե պատասխանատվության ենթարկելու քաղաքական կամք չունեն, իսկ փոփոխությունների նախագիծը, ընդունվելու դեպքում, է՛լ ավելի է մեկուսացնելու հասարակությանը կառավարման համակարգից․ - «Երեք ընտրություն կա Հայաստանում՝ պրեզիդենտական ընտրություն ժողովրդի կողմից․․․ հանում են, հարյուր տոկոսով ժողովրդի մասնակցությունը պրեզիդենտի ընտրությանը հանվե՞ց՝ հանվեց: Տեղական ինքնակառավարման համակարգը․ երեք տարի էր գյուղապետի ընտրությունը, որ հիսուն կամ հարյուր հոգանոց տեղամասում ա ընտրվում, դարձավ հինգ տարի․ քառասուն տոկոսով կրճատվե՞ց ժողովրդի մասնակցությունը ժամկետի առումով: Պառլամենտը չորս տարի էր, դարձավ հինգ տարի․ քսանհինգ տոկոսով ժողովրդի մասնակցությունը հեռացվե՞ց իշխանությունը կազմելուց, ձևավորելուց․․․ Մեր ասածը հետևյալն է՝ ներկայացվում է համակարգ․․․ էս կոնցեպցիան շարունակ գնում ա Հայաստանում, որ քաղաքացին չմասնակցի ընտրություններին»:

XS
SM
MD
LG