Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ փոխնախարար․ «Ալիևի հայտարարությունները զավեշտալի են և անբարոյական»


Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Զավեշտալի և անբարոյական է, որ Ադրբեջանի նախագահը՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, փորձում է մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայում Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցող Իլհամ Ալիևի հայտարարությունները։

«Դա անհաջող փորձ է՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի և տարբեր ահաբեկչական ցանցերի միջև ավանդաբար գոյություն ունեցող անմիջական կապերից», - շարունակեց Քոչարյանը:

Ինչպես շեշտեց Հայաստանի ԱԳ փոխնախարարը, ընդհակառակը՝ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ահաբեկչական կազմակերպությունները, մասնավորապես՝ «Ալ-Ղաիդա»-ն, կապեր ունեն Ադրբեջանի հետ:

«Բազմաթիվ փաստերից բերենք մի քանիսը», - շարունակեց Քոչարյանը, - «Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայում Ադրբեջանը ներգրավել էր հայտնի ահաբեկիչ Շամիլ Բասաևի գլխավորությամբ հարյուրավոր գրոհայինների, ինչպես նաև Աֆղանստանից՝ շուրջ երեք հազար վարձկաններ, այդ թվում ևս մեկ հայտնի ահաբեկիչ Խաթաբի գլխավորությամբ։ Միջազգային զեկույցներում արձանագրված փաստ է, որ 1995թ.-ից Բաքվում ակտիվորեն գործել է Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցչությունը։ 1998թ. Նայրոբիում ամերիկյան դեսպանության պայթյունից հետո ամերիկյան հատուկ ծառայությունները արձանագրել են Բին Լադենի վաթսուն հեռախոսազանգ դեպի Բաքու։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ իր 2002թ. նոյեմբերի 25-ի հայտարարությունում ընդգծել է Ալ-Ղաիդայի հետ կապեր ունեցող կազմակերպությունների առկայությունը Ադրբեջանում։ ԱՄՆ Կոնգրեսի և պետքարտուղարության զեկույցներում նշվել է, որ Ադրբեջանը ծառայում է որպես միջազգային ահաբեկչական խմբավորումների մատակարարման և տարանցիկ հենակետ։ Հարյուրավոր Ադրբեջանի քաղաքացիներ ակտիվորեն ներգրավված են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական ցանցում, որն իր վրա է վերցրել Փարիզում իրականացված զարհուրելի ահաբեկչությունների պատասխանատվությունը»:

«Էլ ի՞նչ կարելի է սպասել մի պետության ղեկավարից, ով հերոսացնում է մոլագար մարդասպաններին և մի ամբողջ ժողովուրդ իր երկրի թիվ մեկ թշնամին է համարում», - եզրափակեց փոխարտգործնախարարը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG