Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ Հանրային հեռուսատեսության եթերում «Եռանկյունի» հաղորդաշարը վարելիս մնալու է հաղորդավարի անկողմնակալ դիրքում:

«Ես իմ մեջ կպայթեմ ներվայնությունից, բայց երբեք չեմ խառնվի կողմերի բանավեճի մեջ: Ես, բնականաբար, ունեմ իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքները, բայց վարողի կերպի մեջ դրանք երբևէ չեն անդրադառնալու՝ անգամ եթե հաղորդումը լինի քաղաքական», - ասաց Աշոտյանը:

Անցած շաբաթ Եվրախորհրդի փորձագետ Լորան Ռույը զարմանք էր հայտնել, թե ինչպես կարող է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին Կրթության և գիտության նախարարը քաղաքական հաղորդում վարել՝ հայտարարելով․ - «Սա հիմնովին սխալ է: Սա բացարձակապես անընդունելի է ընդունված չափանիշների և լավագույն փորձի տեսանկյունից: Սա որևէ կերպ չի կարող համարվել ճիշտ լուսաբանում: Պատկերացրեք ինչպիսի՞ բանավեճ է դա ստացվելու: Ուզում եմ ասել՝ այդ մարդը լուրջ հաղորդո՞ւմ է վարում և դա ինչ-որ կատակ չէ՞: Ես պարզապես կարող եմ ասել, որ Ձեր հարցը ինձ մտահոգեց։ Դա սխալ է, չի կարելի նման բան անել: Նա չպետք է այդպիսի բան անի: Ո՛չ»:

Արձագանքելով եվրոպացի փորձագետի հայտարարությանը՝ Աշոտյանն ասաց, թե Լորան Ռույին «ուղղորդված հարց» է տրվել․ - «Եթե ես լինեի Եվրամիության փորձագետ որևէ այլ երկրում, ինձ այդպես այդ հարցը տային, ես էլ կասեի նույն բանը»:

«Փորձագետները պրոբլեմը նա է, որ նրանք շատ են վստահում այն մարդկանց, ով այդ պահին իրենց կողքին է, տեղացիներին: Իրեն հաղորդած ինֆորմացիայի շրջանակներում մարդը շատ ճիշտ պատասխանեց: Իհարկե նոնսենս է, որ քարոզչության համար ստեղծվի մի հաղորդում, որը վարի քարոզչության բևեռներից մեկը: Բայց այս քարոզչական հարթությունից դուրս գանք, որովհետև ծրագիրը ավելի երկար կյանք է ունենալու, քան հանրաքվեի քարոզարշավը: Ծրագիրը բազմաժանր է, բազմաթեմատիկ, և անգամ այն հաղորդաշարերը, որ նվիրվելու են քաղաքականությանը, լինելու են հարցադրումների տեսակետից անաչառ», - հավելեց Աշոտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG