Մատչելիության հղումներ

logo-print

Մեծ Բրիտանիան կուժեղացնի ստուգումները բոլոր օդանավակայաններում


Եգիպտոս - Կործանված A321-ի բեկորները, 1-ը նոյեմբերի, 2015թ․

Եգիպտոս - Կործանված A321-ի բեկորները, 1-ը նոյեմբերի, 2015թ․

Քեմերոնի հրահանգով, բրիտանական հատուկ ծառայությունները նախևառաջ ստուգելու են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի օդանավակայանները։

Պաշտոնական Լոնդոնը երեկ երեկոյան նորից հայտարարել է, որ ռուսական A321 օդանավը ամենայն հավանականությամբ կործանել են «Իսլամական պետության» ահաբեկիչները։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են ուժեղացնել ստուգումները բոլոր ուղղություններով և բոլոր օդանավակայաններում։

«Եգիպտոսում ռուսական օդանավի կործանումից հետո, որի հետևում ենթադրում ենք, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներն են կանգնած, կառավարությունը մտադիր է որոշ փոփոխություններ մտցնել ավիահաղորդակցության անվտանգության հարցում», - ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։

Դեյվիդ Քեմերոնի հրահանգով, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները նախևառաջ ստուգելու են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի օդանավակայանները։

Որոշումը պայմանավորված է բրիտանական հետախուզության հայթայթած տեղեկություններով։

Հիշեցնենք, ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդն էր հայտարարել, որ ռուսաստանյան «Կոգալիմավիա» ընկերության օդանավի կործանման ամենահավանական պատճառը A321-ում տեղադրված ռումբն է եղել:

Պաշտոնական Մոսկվան դեռ չի հաստատում, որ Եգիպտոսում տեղի ունեցած աղետը ահաբեկչություն է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտոնապես հաստատել, թե օդանավը կործանել են ահաբեկիչները, դեռ հնարավոր չէ, նույնն ասել էր նաև «Ռոսավիացիա» գործակալության ղեկավար Ալեքսանդր Ներադկոն։

Առաջին անգամ պաշտոնական Մոսկվան ահաբեկչական գործողությունը Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ մեկնող քաղաքացիական օդանավի կործանման հավանական պատճառ համարեց աղետից տասն օր անց՝ նոյեմբերի 10-ին․ այդ մասին ասել էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։

XS
SM
MD
LG