Մատչելիության հղումներ

Օբամա-Պուտին չնախատեսված հանդիպում G20-ի գագաթնաժողովում


Թուրքիա - ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Անթալիայում, Բելեք, 15-ը նոյեմբերի, 2015թ․

Թուրքիա - ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Անթալիայում, Բելեք, 15-ը նոյեմբերի, 2015թ․

Աշխարհի առաջնորդները վճռական են պայքարելու «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ։

Աշխարհի առաջնորդները վճռական են պայքարելու «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ։ Աշխարհի զարգացած քսան երկրների կամ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովում այսօր հրապարակվելու է համատեղ ամփոփիչ հայտարարություն։

Գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղ ուղերձ է ընդունվելու։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Փարիզի հարձակումները բնորոշել է որպես հարձակում քաղաքակիրթ աշխարհի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ աշխարհը կարող է ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարել արդյունավետ, եթե միջազգային հանրությունը համախմբի իր ջանքերը։

Ըստ Reuters-ի՝ գագաթնաժողովի հայտարարության նախագծում Փարիզի ահաբեկչական գործողությունները բնորոշված են հրեշավոր, հայտարարվում է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար ջանքերը համախմբելու, ինչպես նաև սահմանային վերահսկողությունը և օդային հաղորդակցության, օդանավերի թռիչքների անվտանգությունը ուժեղացնելու մասին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը այսօր ասել է, թե աշխարհի առաջնորդները համաձայնության են եկել կարևոր քայլեր կատարելու՝ կտրելու ահաբեկչական խմբավորումների ֆինանսական աղբյուրները։ Նա նաև ասել է, թե համաձայնել են հակազդել ծայրահեղական գաղափարախոսությանը և ավելի լավ պաշտպանվել օտարերկրյա գրոհայիններից՝ փոխադարձաբար հետախուզական տվյալներ տրամադրելով և արգելելով նրանց ուղևորությունները։

Այսօր ավելի վաղ Քեմերոնը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով ասել է, թե Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին դեպքերը վկայում են, որ անհրաժեշտ է և վաղուց էր պետք համատեղել ջանքերը այդ չարիքի դեմ պայքարում։

Գագաթնաժողովի շրջանակներում Մեծ քսանյակի երկրների ղեկավարները շարունակում են հանդիպումներ ունենալ։ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպում նախատեսված չէր, բայց Օբաման և Պուտինը կարճատև առանձնազրույց են ունեցել:

Սպիտակ տունը հաղորդում է, որ 35 րոպե տևած հանդիպման ժամանակ նախագահների ուշադրության կենտրոնում են եղել Սիրիայի քաղաքացիական պատերազմին վերջ տալու բանակցությունները, և երկու առաջնորդները համաձայնել են, որ Սիրիան քաղաքական անցման կարիք ունի՝ սիրիացիների առաջնորդությամբ: Անցումային շրջանին պետք է նախորդեն ՄԱԿ-ի միջնորդությամբ բանակցությունները, և պետք է հրադադար հաստատվի:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հաղորդել է, որ Օբաման և Պուտինը քննարկել են նաև Ուկրաինայի ճգնաժամը: Միացյալ Նահանգների նախագահը նաև ցավակցություն է հայտնել Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական ավիաընկերության օդանավի աղետի զոհերի կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը այսօր ասել է, թե նախագահների հանդիպումը կառուցողական էր, բայց ոչ բեկումնային։

«Բացարձակապես իրատեսական չէ 20-րոպեանոց հանդիպման ընթացքում բեկում ակնկալել երկկողմ հարաբերություններում։ Հարաբերությունները այնպիսին են, ինչպիսին կան, տարաձայնությունները ևս այնպիսին են, ինչպիսին կան, բայց և ըմբռնումը, որ ռուս-ամերիկյան երկխոսությունը այլընտրանք չունի, նույնպես այնպիսին է, ինչպիսին կա»,- այսօր լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ նախագահների զրույցը կառուցողական բնույթ է կրել։

Այսօր Ռուսաստանի նախագահը ելույթ է ունեցել գագաթնաժողովում, մասնավորապես, ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է ավիահարվածներով աջակցել Սիրիայի ընդդիմությանը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում։ Պուտինը ասել է՝ եթե արևմտյան գործընկերները մտածում են, թե ժամանակն է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա Մոսկվան պատրաստ է։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ գագաթնաժողովում Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու հարց չի քննարկվել։

G20-ի գագաթնաժողովը անցկացվում է Թուրքիայի Անթալիա հանգստավայրում։ Թուրքիայի նախագահի հրավերով Մեծ քսանյակի հավաքին է մեկնել նաև Ադրբեջանի նախագահը՝ չնայած Ադրբեջանը այդ կազմակերպության մեջ չի մտնում։

Էրդողանի անունից գագաթնաժողովի մասնակիցներին տրված աշխատանքային ճաշի ընթացքում Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել։ APA գործակալության փոխանցմամբ՝ նա ասել է, որ Ադրբեջանը ևս տուժում է ահաբեկչությունից, որը իր երկրի նկատմամբ «Հայաստանի օկուպացիոն քաղաքականության մասն է կազմում»։

Նա պնդել է, որ Ադրբեջանում հայկական ահաբեկչական գործողությունների արդյունքում ավելի քան 2 հազար քաղաքացի է զոհվել և հերթական անգամ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ ասելով, թե հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային նորմերին համապատասխան և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա։

XS
SM
MD
LG