Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը հիմա էլ «համոզված մնում է պառլամենտական համակարգի կողմնակից»


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» եթերում, 15-ը նոյեմբերի, 2015թ․

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» եթերում, 15-ը նոյեմբերի, 2015թ․

«Ժառանգություն»-ը իր ծրագրային դրույթների շրջանակում է գործում և երբևիցե չի շեղվել դրանցից։ Այդ մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի նոյեմբերի 15-ի թողարկման եթերում հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Մենք հիմա էլ համոզված մնում ենք պառլամենտական համակարգի կողմնակից։ Միակուսակցական համակարգը բացարձակ կապ չունի պառլամենտական համակարգի հետ», - ասաց Մարտիրոսյանը՝ պնդելով, որ Խորհրդային Միության Սահմանադրության 6-րդ հոդվածը Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում փոխարինվել է 89-րդ հոդվածով, որտեղ «խոսք է գնում կայուն մեծամասնության մասին»։

«Կայուն մեծամասնությունը հենց միակուսակցական համակարգ ստեղծելու լավագույն տարբերակն է։ Եվ եթե ամբողջության մեջ նայում ենք այս նոր Սահմանադրությունը, տեսնում ենք, որ, ըստ էության, կառավարման համակարգի բոլոր ռեսուրսները կենտրոնանում են մեծամասնության և մեծամասնության ղեկավարի ձեռքում: Այս պարագայում քանի որ մենք միայն տեքստը չէ, որ պետք է տեսնենք, այլ ամբողջության մեջ, որովհետև տեքստն ինքնին կոլբայի մեջ չէ, այլ իրականություն գոյություն ունի, գործընթացներ գոյություն ունեն, մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը մեծ ցանկություն ուներ չհեռանալ քաղաքականությունից, մնալ ղեկավար կազմի մեջ», - ասաց «Ժառանգության» փոխնախագահը՝ հավելելով․ - «Եվ հատկապես ԵՏՄ մտնելուց հետո, իսկ այնտեղ ընդունված է ցմահ իշխանավարելը՝ մենք տեսնում ենք դա Լուկաշենկոյի պարագայում, Պուտինի պարագայում, Նազարբաևի պարագայում, Սերժ Սարգսյանն էլ մտածում է, որ իրենցից որևէ բանով վատ տղա չէ, և ինքն էլ է փորձում իր իշխանությունը երկարաձգել»։

Ըստ Մարտիրոսյանի, տարիների ընթացքում լինելով իշխանության մեջ՝ Սարգսյանը տեսել է, թե ինչպես «ժամանակին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ պայմանավորվածությունները չպահեցին, ինչպես ինքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվածությունները չպահեց, և որպեսզի նմանատիպ խնդիրներ չունենա, փորձում է ինքը շարունակել»։

«Մեկ այլ խնդիր ևս գոյություն ունի. իրենք մեզանից շատ լավ գիտեն, թե ինչպիսի աղետալի տնտեսական իրավիճակում ենք մենք մոտ ապագայում հայտնվելու, և տեսնելով նաև՝ 2013 թվականի ընտրությունները ինչքան դժվարությամբ անցան իրենց համար, հասկանում են, որ իշխանության փոխանցումը 2018 թվականին, իսկ Հայաստանում ամեն ինչ կենտրոնացված է նախագահի ձեռքին, հասկանալով, որ 2018 թվականին լուրջ դժվարություններ են ունենալու, և, ըստ էության, եթե շատ ուժեղ թեկնածու դնեն, ապա էդ ուժեղ թեկնածուն Սերժ Սարգսյանին կարճ ժամանակ հետո «խժռելու է», իսկ թույլ թեկնածուն էլ չի կարող անցնել, իրենք եկան այդ մի քանի խնդիրները լուծելու համար, ոչ թե մեր խնդիրները՝ պառլամենտական համակարգի անցնելու համար, այդ մի քանի խնդիրները լուծելու համար գնացին այս կառավարման համակարգը ներմուծելուն», - ասաց Մարտիրոսյանը՝ վստահեցնելով, որ «սա բացարձակ կապ չունի պառլամենտական համակարգի հետ»։

Նրա պարզաբանեց, որ պառլամենտական համակարգը նախ ենթադրում է ներկայացուցչականության մեծացում, ենթադրում է հստակ և շատ լավ ամրապնդված հակակշիռների մեխանիզմ, որն, ըստ Մարտիրոսյանի, այստեղ բացարձակապես գոյություն չունի։ «Ուստի և իշխանության երեք ճյուղերի՝ գործադիր, օրենսդիր, դատական իշխանության կենտրոնացում է տեղի ունենալու մեկ կուսակցության ձեռքում, այս դեպքում պարզ է, թե ումն է լինելու՝ Հանրապետական կուսակցության և կոնկրետ Սերժ Սարգսյանի ձեռքում», - ասաց Մարտիրոսյանը։

XS
SM
MD
LG