Մատչելիության հղումներ

Ֆրանսիան կոչ է անում ԵՄ ներքին գործերի նախարարների արտահերթ հանդիպում հրավիրել


Մարդիկ ծաղիկներ ու մոմեր են դնում «Բատակլան» համերգասրահի մոտ

Մարդիկ ծաղիկներ ու մոմեր են դնում «Բատակլան» համերգասրահի մոտ

Շուրջ 130 զոհ՝ մի քանի ժամվա ընթացքում, մի քանի հարյուր վիրավոր, մեկը մյուսին հաջորդած ահաբեկչություններ Եվրոպայի ամենազարգացած պետություններից մեկի՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում:

Ինչո՞ւ հենց Փարիզը, հնարավո՞ր էր արդյոք խուսափել և ի՞նչ անել՝ հնարավոր նոր հարձակումները կանխելու համար: Ուրբաթ օրվա մղձավանջից հետո այսօր սրանք են թերևս ամենից հաճախ հնչող հարցերը:

Հանցագործների մասին տեղեկությունները առայժմ խիստ սուղ են: Փարիզի դատախազը երեկվա ասուլիսում չթաքցրեց՝ շատ բան չի ուզում ասել՝ նախաքննությանը չվնասելու համար:

«Խիստ հավանական է, որ գործել է ահաբեկիչների երեք խումբ՝ միմյանց հետ համակարգված: Սպանված 7 ահաբեկիչներն էլ զինված են եղել «Կալաշնիկովներով» և պայթուցիկ սարքերով՝ հնարավորինս շատ մարդկանց վնասելու համար: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է սիրիական անձնագիր, մեկն էլ Ֆրանսիայի ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ տարիներ առաջ՝ ծայրահեղականներին հարելու համար», - նշեց Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:

Մարդիկ համերաշխության շրջան են կազմել Հանրապետության հրապարակում, «Բատակլան» համերգասրահից ոչ հեռու

Մարդիկ համերաշխության շրջան են կազմել Հանրապետության հրապարակում, «Բատակլան» համերգասրահից ոչ հեռու

Որ ահաբեկիչները գործել են համակարգված և ոչ միայն Փարիզի տարածքում, պարզ դարձավ, երբ հայտարարվեց, որ հետքերը տանում են առնվազն դեպի երեք եվրոպական երկիր: Բելգիայում մի քանի մարդ ձերբակալվեց՝ ահաբեկչությանը մեղսակից լինելու կասկածանքով, Հունաստանը հայտարարեց՝ կասկածյալներից մեկը Եվրոպա է մտել հոկտեմբերին՝ փախստականների հետ, գերմանական հատուկ ծառայությունները չբացառեցին, որ անցած շաբաթ Բավարիայում ձերբակալված, մինչև ականջները զինված տղամարդը, որի մեքենայի թափքում փարիզյան հասցե էր հայտնաբերվել, իրականում Ֆրանսիա էր ուղևորվում հենց այս ահաբեկչությանը մասնակցելու համար:

Ֆրանսիան կոչ է անում առաջիկա ուրբաթ Եվրամիության ներքին գործերի նախարարների արտահերթ հանդիպում հրավիրել: Մինչ այդ, փորձագետները հետևություններ են անում, որոնցից առաջինը փաստում է՝ «Իսլամական պետությունը» ընդլայնում է աշխարհագրությունը: Մինչև վերջերս ահաբեկչական այդ խմբավորումը գործում ու հարձակումներ էր իրականացնում բացառապես Սիրիայի և Իրաքի տարածքում, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում պատասխանատվություն է ստանձնում աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպված խոշոր ահաբեկչությունների համար:

Հոկտեմբերի 10. Անկարայում պայթյունների զոհ գնաց առնվազն 100 մարդ: Թուրքիայի իշխանությունները մեղադրեցին «Իսլամական պետությանը»:

Հոկտեմբերի 31. Եգիպտոսում կործանվեց Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ռուսական ինքնաթիռը, զոհվեց ավելի քան 220 մարդ:

Նոյեմբերի 12-ին ահաբեկչության զոհ դարձավ Բեյրութը, որտեղ բավական ամուր են Սիրիայի նախագահ Ասադի հենասյուներից մեկը համարվող Հզբոլլահի դիրքերը: Զոհվեց ավելի քան 4 տասնյակ մարդ, հարյուրավորները վիրավորվեցին:

Շաբաթվա վերջին՝ նոյեմբերի 13-ին արդեն պայթյուններն ու կրակոցները Փարիզ հասան՝ արձանագրելով՝ եթե իսկապես «Իսլամական պետությունն» է այս ամենի պատասխանատուն, ուրեմն սպառնալիքը շատ ավելի լուրջ է, ցանցը՝ տարածված:

Էյֆելյան աշտարակի լույսերը հանգցվել են՝ որպես հարգանքի տուրք ահաբեկչության զոհերին

Էյֆելյան աշտարակի լույսերը հանգցվել են՝ որպես հարգանքի տուրք ահաբեկչության զոհերին

Անվտանգության մասնագետները նաև ընդգծում են ՝մեկը մյուսին հաջորդած այս հարձակումները ցույց տվեցին, թե որքան խոցելի են Ֆրանսիան ու եվրոպական մյուս երկրները, և թե որքան թույլ կետեր կան եվրոպական ընտանիքում՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու գործում:

Իրենք՝ ֆրանսիացիները, պատահական չեն համարում, որ թիրախում էին հայտնվել իրենց սիրելի վայրերը՝ ռեստորանները, ակումբները, մարդաշատ համերգասրահն ու մարզադաշտը, այն վայրերը, որտեղ իրենցից յուրաքանչյուրը կարող էր լինել այդ ժամանակ:

«Ես շարունակում եմ ինքս ինձ հարցնել՝ ինչու սա տեղի ունեցավ: Առանց պատճառի անմեղ մարդկանց սպանեցին: Սա ահավոր է, ահավոր, ահավոր», - «Ռոյթերս»-ին ասել է Փարիզի մի բնակչուհի:

«Քաղաքում ամայություն է, լացս գալիս է, բոլորը վախեցած են, չեմ կարողանում խոսել, չգիտեմ՝ ինչ ասել: Սա անհնար է բացատրել, անհնար է հասկանալ, սա բարբարոսություն է», - հավելել է մյուսը:

Երկրում եռօրյա սուգ է հայտարարված: Արդեն երկրորդ օրն է՝ Փարիզի այցեքարտը՝ Էյֆելյան աշտարակը, խավարի ու ամայության մեջ է՝ թերևս ամենից ավելի ցայտուն խորհրդանշելով երկրին պատուհասած ողբերգությունը:

Փոխարենը ողջ աշխարհով մեկ տասնյակ կոթողներ մեկը մյուսի հետևից լուսավորվում են Ֆրանսիայի դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության: Աշխարհի տարբեր անկյուններում Ֆրանսիայի օրհներգն են երգում: Փորձագետները զուգահեռներ են տանում Երկրորդ աշխարհամարտի հետ, երբ կրկին դաժան թշնամուն դիմակայելու համար «Մարսելյեզն» էր հնչում, և կրկին Եվրոպան կանգնած էր մի թշնամու առաջ, որի դեմ հաղթանակից էր կախված իր ապագան:

XS
SM
MD
LG