Մատչելիության հղումներ

Ֆրանսիան այսօր արթնացավ բոլորովին այլ իրականության մեջ


Ֆրանսիա - «Բատակլան» համերգասրահի սպանդից փրկվածները,Փարիզ, 14-ը նոյեմբերի, 2015թ.

Ֆրանսիա - «Բատակլան» համերգասրահի սպանդից փրկվածները,Փարիզ, 14-ը նոյեմբերի, 2015թ.

Անցած գիշերը ամենաարյունալին էր Ֆրանսիայի պատմության մեջ Երկրորդ աշխարհամարտից ի վեր:

Առնվազն 128 զոհ, հարյուրավոր վիրավորներ, բազմաթիվ կրակոցներ ու պայթյուններ. նախագահ Օլանդի արձագանքը կարճ էր ու հստակ՝ սա պատերազմական գործողություն էր Ֆրանսիայի դեմ:

«Այս հարձակման ետևում կանգնած է ահաբեկչական բանակը, «Իսլամական պետություն»-ը, ջիհադիստները, սա հարձակում էր Ֆրանսիայի դեմ, այն արժեքների, որոնք մենք պաշտպանում ենք ողջ աշխարհով մեկ: Մեզ պատուհասել է ահավոր փորձություն, սակայն Ֆրանսիան վճռական է և անողոք՝ ահաբեկչության դեմ պայքարում», - հայտարարեց Ֆրանսիայի նախագահը։

Անցած գիշերը ամենաարյունալին էր Ֆրանսիայի պատմության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Քաղաքի կենտրոնում գրեթե միաժամանակ իրականացված ահաբեկչական գործողություններից հետո՝ այսօր, Ֆրանսիան արթնացավ բոլորովին այլ իրականության մեջ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Ողջ երկրով մեկ արտակարգ դրություն է հայտարարված, փողոցները կիսադատարկ են, մետրոն, դպրոցներն ու համալսարանները չեն աշխատում, ամենուր ոստիկաններ են ու զինվորներ:

Կատարվածի համար այսօր պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը, ավելի վաղ, ըստ ականատեսների, կրակ բացողներից մեկը բացականչել էր՝ «սա Սիրիայի համար է»։

Ահաբեկչությունների շղթան սկսվեց տեղական ժամանակով երեկոյան գրեթե 9-ին՝ Փարիզում՝ Հանրապետության հրապարակից ոչ շատ հեռու գտնվող ակումբներից մեկում, որտեղ, ականատեսների վկայությամբ, դիմակավորված մի տղամարդ անկանոն կրակ է բացել ներկաների ուղղությամբ, հետո անցել փողոցն ու կրակահերթերն ուղղել մեկ այլ ռեստորանի ուղղությամբ: Մոտավորապես նույն այդ րոպեներին քիչ հեռու մեկ այլ ահաբեկիչ ինքնաձիգով ներխուժել է «Լա Կազանոստրա» ռեստորան: «Իմ կողքին առնվազն 5 դիակ կա, ամենուր արյուն է», - ահաբեկված փոխանցել էր ականատեսներից մեկը:

20 րոպե անց սարսափը պատեց ողջ Ֆրանսիան: Երկրի գլխավոր մարզադաշտում՝ Ստադ դը Ֆրանսում, Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը, լսվեցին պայթյուններ: Երկրի ղեկավարին անմիջապես տեղափոխեցին ապահով վայր, մարզադաշտում խաղը որոշեցին չընդհատել, մինչդեռ դրսում զինյալները շարունակում էին հարձակումները:

Ժամը 9։30, ականատեսների վկայությամբ, երկու տղամարդ կրակի տակ են առել Շարոն փողոցում գտնվող սրճարաններից մեկը։ «Դա շարունակվեց առնվազն երեք րոպե», - պատմել է վկաներից մեկը, - «Հետո զինյալները նստեցին մեքենան ու շարունակեցին ճանապարհը»:

Զոհերի մասին տեղեկությունները թարմացվում էին րոպե առ րոպե, մեկը մյուսին հաջորդող այս հարձակումների գլխավոր թիրախը, սակայն, դարձավ, «Բատակլան» համերգասրահը, ուր ահաբեկիչները պատանդ վերցրին ռոք համերգի եկած հարյուրավոր մարդկանց: Նրանց ազատելու հատուկ գործողության ավարտին հաղորդվեց՝ սպանվել է առնվազն 100 մարդ, այդ թվում՝ 4 ահաբեկիչ: Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ, պաշտոնապես հաղորդվում է 8 զինյալների մասին, բոլորն էլ սպանված են, մեղսակիցների ու հնարավոր հանցագործների որոնումը շարունակվում է:

Փարիզում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակից Դմիտրի Սավիցկին վերջին անգամ օրեր առաջ էր եղել «Բատակլան»-ում, որն, ի դեպ, ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու այս տարեսկզբին ահաբեկիչների թիրախ դարձած «Շառլի Էբդո» երգիծական ամսագրի խմբագրությունից :

«Բատակլան»-ը գտնվում է արաբական թաղամասում՝ կիսանկուղային շենքում, մուտքը նեղ է, և միշտ այնտեղ հոծ բազմություն է լինում, անվտանգությունն էլ առանձնապես չէր վերահսկվում, ինչպես օրինակ, «Օլիմպիա»-ում, որտեղ ոստիկաններն ամեն քայլափոխի են», - փոխանցել է նա՝ հավելելով. - «Հիմա Փարիզում արտասովոր վիճակ է, մարդիկ խիստ վախեցած են, փողոցները ամբողջովին դատարկ են, Լուվրը, Էյֆելյան աշտարակը, Հաղթական կամարն ու բանկերը պաշտպանելու համար անվտանգության միջոցները խստացվել են երեք անգամ»:

Տեղում աշխատող թղթակիցների հաղորդմամբ, այժմ Փարիզում քիչ թե շատ մարդաշատ են հարձակման զոհ դարձած թաղամասերը, առավոտից հարյուրավոր մարդիկ ծաղիկներ ու մոմեր են բերում՝ զոհերի հիշատակին: «Ընկերներիս համար, որոնց ճանաչում էի, նրանց համար, ում չգիտեի, կյանքի՛ համար», - գրել է այցելուներից մեկը:

«Շատ եմ ցավում Ֆրանսիայի համար, ճիշտ չէ, ազնիվ չէ, սա մարդկության դեմ է։ Չգիտեմ՝ ինչպես արտահայտեմ իմ ցավը, ահաբեկչական գործողությունը երկիրը չի տանում առաջ, չի պաշտպանում ո՛չ մարդկանց, ո՛չ նրանց հավատը, ընդամենը վայրագ գործողություն է», - «Ռոյթերզ»-ին ասել է Փարիզի մեկ այլ բնակիչ։

Ոստիկանության հորդորով տներում փակված՝ ֆրանսիացիները սոցիալական ցանցերում են փորձում միավորվել ու պայքարել, երեկվանից տասնյակ խմբեր ու արշավներ են սկսվել՝ մեկով փնտրում են կորցրած հարազատին, մյուսով՝ հորդորում արյուն հանձնել վիրավորների համար, երրորդով՝ օթևան առաջարկում նրանց, ովքեր ահաբեկչությունների ժամանակ մնացել էին փողոցում անօգնական:

Ահասարսուռ ու արյունալի գիշերվա մասին համացանցում բազմաթիվ սիրողական նկարահանումներ կան, ամենատարածվածներից մեկում երևում է՝ ինչպես են հարձակումներից ու մարզադաշտում մի քանի ժամ փակված մնալուց հետո ֆուտբոլի երկրպագուները դուրս գալիս Ստադ դը Ֆրանսից՝ «Մարսելյեզ»-ը երգելով:

Ֆրանսիայի օրհներգը երգում էին ոչ միայն ֆրանսիացիները, այլև գերմանացիները, որոնց առաջնորդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամեր առաջ հայտարարեց. - «Պետք չէ խուճապի մատնվել, ահաբեկիչները հենց դա՛ են ուզում, պետք չէ երես թեքել ժողովրդավարական ինստիտուտներից, ահաբեկիչները հենց դա՛ են ուզում, պետք չէ ամեն ինչում մեղադրել փախստականներին, հիշեք՝ հանցագործները վարժ ֆրանսերեն էին խոսում: Պետք է աշխատել, լինել միասին և համատեղ պայքարել մեր արժեքների համար: Պայքարել հանուն եվրոպական քաղաքակրթության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG