Մատչելիության հղումներ

logo-print

Ֆիննախի Դիլիջանի ուսումնական կենտրոնում պետական միջոցները «անարդյունավետ են ծախսվում»


Սանհանգույց Դիլիջանի ուսումնական կենտրոնում:

Սանհանգույց Դիլիջանի ուսումնական կենտրոնում:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետը թանկարժեք գնումները համարում է «պետական միջոցների անարդյունավետ ծախս»:

Դիլիջանում Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի լոգասենյակները կհանդերձավորվեն «լյուքս» դասի հյուրանոցներին վայել օճառամաններով, հայելիներով ու աղբամաններով: Նախարությունն այդ նպատակով պետբյուջեից 37 միլիոն դրամ է վճարել «Իդեալ» ու «Կերամիկա» խանութների ցանցը ներկայացնող «Իմեքս գրուպ» ընկերությանը:

«Իդեալ» խանութների ցանց «Ազատության» այցելությունը ցույց տվեց, որ Ֆինանսների նախարարությունն իր կենտրոնի համար նախընտրել է տեսակի մեջ ամենաթանկ ապրանքները՝ հիմնականում իտալական և իսպանական արտադրության:

Օրինակ, բյուջեից 3 միլիոն 700 հազար դրամ է վճարվել 95 հատ խոշորացույցով հայելի գնելու համար, յուրաքանչյուրը՝ 39 հազար դրամով, 2 միլիոն 742 հազար դրամ ծախսվել է աղբամանների վրա, յուրաքանչյուրը՝ շուրջ 13 հազար դրամ արժողությամբ:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը թանկարժեք գնումները համարում է պետական միջոցների անարդյունավետ ծախս․ - «Իշխանական կամ պաշտոնեական դիրքի չարաշահում տվյալ դեպքում չկա, բայց հանցավոր անգործություն․․․ ո՞վ ա ասել, որ պետք է լինի ոսկեզօծ զուգարանի պարագաներ»:

«Իմեքս գրուպ»-ը որպես մատակարար ընտրվել է առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման եղանակով: Արտակ Մանուկյանի խոսքով, այս ընթացակարգը պետք է կիրառվի միայն խիստ հրատապության դեպքում, և նախարարությունը պետք է հիմնավորի, թե ինչու հնարավոր չի եղել մրցույթով իրականացնել գնումը:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հուլիսին Դիլիջանոմ հայտարարել էր, որ կառուցվող կենտրոնը, բացի գիտաժողովների ու քննարկումների վայր լինելուց, ունենալու է նաև հանգստի գոտի՝ Ֆինանսների նախարարության ու այլ կառույցների աշխատակիցների համար։

Արտակ Մանուկյանն ասում է, որ կառուցվող շինությունն այնքան էլ ուսումնական կենտրոն չի հիշեցնում․ - «Ընդամենը չորս լսարան են, բայց այնտեղ ահռելի ենթակառուցվածքներ կան, բաղնիքներ, սաունաներ․․․ ժամանցի վայրեր․․․ Եթե հիմնականում ժամանցի վայր է, չգրենք անունը ուսումնական կենտրոն: Գրենք, որ Ֆինանսների նախարարությունն իր աշխատակիցների համար ժամանցի վայր է ստեղծում»:

Ֆինանսների նախարարությունը Դիլիջանի ուսումնական կենտրոնը կառուցում է 2011 թվականից: Շինարարությունը խոստանում են ավարտել այս տարեվերջին։ Ավելի վաղ նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ կենտրոնի կառուցման համար բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է 13․5 միլիարդ դրամ:

«Ազատության» հարցումը, թե ինչու է գնումն իրականացվել առանց մրցույթի, և ինչով է հիմնավորվում նման թանկարժեք ապրանքների ընտրությունը, Ֆինանսների նախարարությանն առայժմ անպատասխան է թողել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG