Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը «դեմագոգիա» է անվանում համամասնական ընտրակարգի մասին ՀՀԿ-ի պնդումները


ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հանրապետական կուսակցությունում վստահ են՝ սահմանադրական փոփոխությունները իշխանության վերարտադրության ծրագիր համարող գործիչները կամ չեն կարդացել նախագիծը, կամ էլ տառաճանաչ չեն։

Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ առաջարկվող փոփոխություններով ընդդիմադիրների լիազորություններն ընդլայնվում են, ամրագրվում է, որ խորհրդարանը ձևավորվելու է միայն համամասնական ընտրակարգով, ինչը ընդդիմադիրների պահանջն էր տարիներ շարունակ։

«Մեզ բոլորը մեղադրում էին, որ 41 մեծամասնական տեղ ունենք, ասում էին՝ այդ 41-ից 35-36-ը միշտ Հանրապետականը հաղթում է և անհավասար պայմաններ են, բոլորը խոսում էին համամասնական ընտրակարգի անհրաժեշտության մասին, հիմա մենք գնում ենք համամասնական ընտրակարգի և Սահմանադրության մեջ ամրագրում ենք, որ Հայաստանում ընտրությունը պետք է լինի բացառապես համամասնական ընտրակարգով»,- ասաց Շարմազանովը։

Ընդդիմադիրները համաձայն են՝ իրենք համամասնականի կողմնակից են, բայց դրա համար Սահմանադրությունը փոխել պետք չէ։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծում է՝ ընդամենը պետք էր Ընտրական օրենսգիրքը փոխել։

«Ստեղծել են մի փաթեթ, փաթեթի մեջ մտնում է Սերժ Սարգսյանի իշխանությունը ցմահ դարձնելու ծրագիրը և համամասնականի անցումը։ Մենք ինչո՞ւ պիտի այդ ամեն ինչը փաթեթով ստանանք։ Եթե ձեզ տալիս են ճաշ, որը թունավոր է, ինչքան լավ ինգրեդիենտներ լինեն այդ ճաշի մեջ, դուք այդ ճաշը չեք ուտի։ Այնպես որ դա կատարյալ դեմագոգիա է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանն էլ հիշեցրեց, որ բացի համամասնականից՝ իրենք նաև պահանջում էին քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակել, ինչը չարվեց։ Ընդունում է՝ իրենք կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից են, բայց պնդում են, որ ներկայիս նախագիծը իրենց պահանջների հետ կապ չունի։

«Բայց ոչ պառլամենտական համակարգ է, ոչ էլ համամասնական համակարգ է։ Ընդամենը փորձում են միակուսակցական համակարգ իրականացնել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ով երրորդ ժամկետի խնդիր ունի, նաև այդ շրջանակում փորձում են շահագործել համամասնական ընտրակարգը»,- ասաց Մարտիրոսյանը։

Հանրապետականները նաև պնդում են, որ փոփոխություններով խորհրդարանում ընդդիմադիրների լիազորություններն ընդլայնվում են, մի շարք կարևոր պաշտոնյաների այլևս հնարավոր չի լինի նշանակել առանց ընդդիմության աջակցության, բացի այդ՝ նրանց է տրվում ԱԺ փոխնախագահի պաշտոն։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը թերահավատ է, որ կայուն մեծամասնություն ունեցող խորհրդարանում մեկ փոխնախագահը կարող է եղանակ փոխել։

«Միակ բուտաֆորային տեղակալի պաշտոնը, որը, ըստ էության, լիազորություն չէ, ընդամենը նիստ է վարելու ԱԺ նախագահի բացակայության պայմաններում։ Այլ հարց կլիներ, եթե Վերահսկիչ պալատը տրվեր ընդդիմությանը»,- նկատեց «Ժառանգության» փոխնախագահը։

Ընդդիմադիրները կարծում են, որ փոփոխություններով իրենց իրական լիազորություններ չեն տրվում։ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ առաջարկվող փաստաթղթով հանրապետականները ցանկանում են հավերժ իշխանություն լինել, իսկ ընդդիմադիրներին էլ «փայ» տան։

«Մենք էլ, կներեք, նման առաջարկ չենք ընդունում, որովհետև մեզ պետք է ոչ թե ինչ-որ փայ կամ կերակրատաշտից օգտվելու հնարավորություն, այլ պետք է ժողովրդավարություն Հայաստանում»,- ասաց Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG