Մատչելիության հղումներ

Երևանի տիկնիկային թատրոնը 80 տարեկան է


Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը

«Երբեք նեղացած չլինել, երբեք չհոգնել և չմեծամտանալ», - այսպես ձևակերպեց իրենց հաջողության գաղտնիքը թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ավելի քան 400 անուն ներկայացում և ավելի քան 8 մլն հանդիսատես․ ահա այսպիսի պատկեր է ներկայացնում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը ստեղծագործական գործունեության 80 տարիների ընթացքում:

Հոբելյանի կապակցության հրավիրած ասուլիսում թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը տեղեկացրեց, որ խաղացանկում ունեն երեխաների և մեծահասակների համար 35 անուն բեմադրություն և տարեկան ավելի քան հարյուր հազար հանդիսատես:

Երևանի Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին: Հասմիկ Գյոզալյանի ղեկավարած թատերախումբը հունիսի 5-ին ներկայացրել է Թումանյանի «Շունն ու կատուն»: Թատրոնի հիմնադիրների թվում էին ռեժիսոր և դերասան Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, մանկավարժ Մարո Էդուգարյանը, դերասաններ Փորոյանն ու Արաբյանը:

Այսօրվա շենք թատրոնը տեղափոխվել է 1975 թվականից: Հիմնադրման 80-ամյա հոբելյանը թատրոնը հանդիսավորությամբ կնշի գալիք շաբաթ օրը:

«Ազատության» հարցին, թե հոբելյանական այս տարին ստեղծագործական առումով ինչով էր առանձնահատուկ թատերախմբի համար, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պատասխանեց․ - «Սովորական տարի էր: Պարզապես շատ հագեցած ստացվեց այս տարին՝ 7 նոր բեմադրություն, 8 միջազգային փառատոն․․․ Բայց հատուկ չէինք նախատեսել»:

Թատրոնի դերասանները նվիրված են իրենց գործին: Նրանցից Իննա Հախնազարյանը ասուլիսում ասաց․ - «Կախարդական, հեքիաթային և նույնիսկ միստիկ մի աշխարհ է: Որովհետև երբ հոգի ես դնում տիկնիկի մեջ, և անշունչը կենդանանում է, տիկնիկը ինքն է սկսում թելադրել քեզ և՛ պահվածք, և՛ քայլվածք: Եվ այդտեղ հարց է առաջանում՝ դո՞ւ ես վարում, թե՞ նա է քեզ վարում»:

Տիկնիկային թատրոնը սիրելի վայր է ոչ միայն մեր մանկահասակ ու դպրոցահասակ երեխաների համար, այլ վաղուց՝ 1998-ից ի վեր, երբ թատրոնի ղեկավարությունը ստանձնեց Ռուբեն Բաբայանը, դարձել է նաև երիտասարդների և առհասարակ արվեստասերների համար մեր մայրաքաղաքի ամենաաշխույժ մշակութային կենտրոններից մեկը:

«Մեր մոտ ամեն ուրբաթ մեծահասակների ներկայացումներ են․․․ Այստեղ կարծրատիպերը քանդելու հարցն էր, որովհետև հասարակությունը հենց որ լսում էր տիկնիկային թատրոն, մտածում էր, որ սա միայն ու միայն երեխաների համար է», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Բաբայանը՝ շեշտելով, որ ցուցահանդեսները, մեծահասակների համար ներկայացումները, երաժշտական փառատոնները «հարստացնում են թատրոնում աշխատողներին, հանդիսատեսին»:

«Ազատության» հարցին, թե որն է թատրոնի հաջողության գաղտնիքը, Բաբայանն արձագանքեց․ - «Երբեք նեղացած չլինել, երբեք չհոգնել և չմեծամտանալ: Սրանք ահավոր վտանգներ են ստեղծագործող մարդու համար: Հենց որ այս դևերից մեկը քեզ գրավեց, դու դադարում ես ստեղծագործել․․․ Մատս մատին չեմ խփում էս թատրոնում, պարզապես չեմ թույլ տալիս, որ այս դևերը մոտենան»:

XS
SM
MD
LG