Մատչելիության հղումներ

Քրդերը ԻՊ-ից ետ գրավեցին Սինջարը


Իրաք - Քուրդ աշխարհազորայինները մտնում են Սինջար, 13-ը նոյեմբերի, 2015թ․
Իրաք - Քուրդ աշխարհազորայինները մտնում են Սինջար, 13-ը նոյեմբերի, 2015թ․

Քրդական ուժերը հայտարարել են, որ այսօր Իրաքի հյուսիսային Սինջար ավանում «Իսլամական պետություն»-ից (ԻՊ) գրավել են ռազմավարական օբյեկտները՝ ալրաղացը, ցեմենտի գործարանը, հիվանդանոցը և մի շարք այլ հանրային շինություններ:

«ԻԼԻՊ-ը պարտվեց և փախուստի մեջ է», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թվիթերում գրել է Իրաքյան Քրդստանի անվտանգության մի պաշտոնյա:

Գործակալությունը նշում է, որ քրդերը Միացյալ Նահանգների օդուժի և եզդի կամավորականների աջակցությամբ Սինջար են մտել այսօր՝ շրջափակելով այն արևելքից և արևմուտքից: Այժմ քուրդ աշխարհազորայինները (փեշմերգա) քայլեր են իրականացնում՝ կանխելու հնարավոր ահաբեկչությունները ավանում:

Reuters-ը նշում է, որ երեկ առավոտյան սկսած արշավի արդյունքում քրդերը ԻՊ-ից ետ են գրավել 150 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք Սինջարի շրջանում:

«Իսլամական պետություն»-ը Սինջարի նկատմամբ վերահսկողություն էր հաստատել անցյալ տարվա օգոստոսին` կոտորելով կամ ստրկացնելով հազարավոր եզդիների, տասնյակ հազարավոր եզդիներ ու քրիստոնյաներ էլ փախուստի էին դիմել՝ պատսպարվելով լեռներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG