Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» անդամներ չի ներկայացրել 118, ՀԱԿ-ը՝ 245 ընտրատեղամասերում


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ

Սահմանված կարգի համաձայն՝ ընտրատեղամասերում թափուր տեղերը կլրացվեն տեղամասային հանձնաժողովների նախագահների կողմից։

Թեև «Ոչ»-ի ճակատին չի հաջողվել դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներ ապահովել, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ արդյունքն իրենց գոհացնում է։ Պնդում է՝ իշխանության կողմից ճնշումներ են եղել, ընտրել են միայն ազնիվ և պայքարից չվախեցող մարդկանց։

«Մենք իսկապես աշխատելու ենք այնպիսի մարդկանց դնել, որոնք ցուցադրել են իրենց անցյալով, որ չեն կաշառվում, չեն ընկրկում և չեն նահանջում տարբեր ճնշումների առջև»,- ասաց Զուրաբյանը։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2000 ընտրատեղամասերից «Ժառանգությունը» անդամներ չի ներկայացրել 118-ում, իսկ ՀԱԿ-ը՝ 245-ում։ Սահմանված կարգի համաձայն՝ ընտրատեղամասերում թափուր տեղերը կլրացվեն տեղամասային հանձնաժողովների նախագահների կողմից։

Իշխող Հանրապետականում ասում են՝ ցավում են ընդդիմության համար. խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ընտրությունների օրինականությունը վերահսկելու գործում պատրաստ են օգնել քաղաքական հակառակորդներին։

«Ինձ թվում է, որ նրանք խնդրանքով կդիմեն մեզ, բայց եթե արդեն ժամանակը լրացել է և նրանք չենք ապահովել... մենք պետք է օգնենք մեր ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի կարողանան վստահելի մարդիկ ճարեն, եթե ընդդիմությանը կվստահեն այդ մարդիկ»,- ասաց Բաղդասարյանը։

Խորհրդարանում ընդդիմադիր, բայց Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին կողմ «Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես պատրաստ է օգնել «Ոչ»-ի ճամբարին։ Վահե Էնֆիաջյանը վստահեցնում է՝ բոլոր ընտրատեղամասերում հերթապահող հանձնաժողովի իրենց անդամները, անկախ կուսակցության դիրքորոշումից, կանխելու են «Այո»-ի և «Ոչ»-ի կեղծիքները։

«Ոչ մի զեղծարարություն, կեղծարարություն լավ տեղ տանող ճանապարհ չէ։ Եվ մեր ներկայացուցիչները անաչառ իրենց աշխատանքն են կատարելու՝ օրենքով սահմանված կարգով»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Ընդդիմադիրները, մինչդեռ, «այո»-ականների անկեղծությանը և աջակցությանը չեն ապավինում։ Լևոն Զուրաբյանն ասաց՝ ընտրատեղամասերում բացը կփորձեն լրացնել մյուս ընդդիմադիր ուժերի համագործակցությամբ և վստահված անձերով։ Սակայն արդեն իսկ կասկած չունեն՝ հանրաքվեի արդյունքները կեղծվելու են։ «Նրանք այլ ելք չունեն՝ համատարած «ոչ»-ի տրամադրություն է մեր ժողովրդի մեջ»,- համոզված է ընդդիմադիր գործիչը։

Տեղամասերում հսկողությունն անհրաժեշտ է, բայց իշխանությունն ընտրությունները կեղծելու բազմաթիվ այլ մեխանիզմներ ունի, ասում է «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը.- «Եթե գալիս է մի պահ, որ տեսնում են՝ իրենց ցանկալի արդյունքները չեն ստացել, ապա մենք նաև ականատես ենք եղել, թե ինչպես է ողջ էլեկտրոնային համակարգը խափանվում։ Եվ այդ խափանումից հետո տեսնում ես, որ այնպիսի տվյալներ են հրապարակում, որ այս կեղծարարների համար հարիր է»։

ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող կուսակցություններից միայն «Օրինաց երկրին» է հաջողվել բոլոր 2000 ընտրատեղամասերում ներկայացուցիչներ ապահովել։ Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի շտապում արդեն իսկ հանրապետականներին մեղադրել ընտրությունների կեղծման մեջ, սակայն նշում է՝ նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու օրինագիծը հանրաքվեն կեղծելու հնարավորություն տվել է իշխանությանը։ «Լրջագույն մտահոգություն կա իսկապես, հնարավոր է, որ դրա միջոցով տեղի ունենան կեղծիքներ»,- ասաց նա։

Մինչդեռ Վահրամ Բաղդասարյանը պնդում է՝ ընդդիմությունը կեղծիքներից խոսում է անզորությունից։ Նա վստահեցնում է՝ հանրապետականները երբևէ ընտրություն չեն կեղծել և դեկտեմբերի 6-ին էլ նման մտադրություն չունեն։

«Եվս մեկ անգամ ապացուցվում է մեր ասածները, որ մարդիկ չունեն մարդկային ռեսուրս, պարզապես իմիտացիա են ստեղծում՝ ցանկանալով ամեն գնով ցեխ շպրտել հանրաքվեի արդյունքների վրա։ Եթե 2000 մարդ չեն ապահովում, նրանք ինչքա՞ն ձայն պետք է ապահովեն։ Ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում»,- ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը։

XS
SM
MD
LG