Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է հրապարակել ընդդեմ Հայաստանի


Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի, խախտվել է Հայկ Սահակյանի ազատության իրավունքը, և նրան չի տրվել ոչ-նյութական վնասի փոխհատուցում։

Հայկ Սահակյանը անազատության մեջ է գտնվել ավելի քան 40 օր: Նրա փաստաբան Յուրիկ Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Գոհ ենք, որ բավարարել են: Եթե բավարարել են, ուրեմն մեր պահանջը արդարացի էր, ճիշտ էր»։

Դեռ 2007-ին Հայկ Սահակյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ծանր մարմնական վնաս հասցնելու մեղադրանքով․ նա կալանավորվել էր, ապա մեկ ամիս անց փաստաբանի միջնորդությամբ ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Օրեր անց, սակայն, նրան հրավիրել են քննչական մարմին և նորից կալանավորել։

«Օրենքը սխալ մեկնաբանելով․․․ դատախազի բանավոր ցուցումով կանչում է իբրև հարցաքննության և կալանավորում է Հայկ Սահակյանին», - փոխանցեց փաստաբանը:

Եվս երկու շաբաթ երիտասարդը գտնվել է ճաղերի հետևում՝ մինչև փաստաբանը նորից դատարան է դիմել և ապացուցվել է, որ Սահակյանին ապօրինի են ազատազրկել, ինչից հետո նա ազատ է արձակվել։

Այնուհետև Էրեբունի և Նուբարաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Սահակյանի գործով արդարացման վճիռ է կայացրել, ինչից հետո փաստաբանն արդեն քաղաքացիական հայցով էր դիմել դատարան՝ պահանջելով բարոյական փոխհատուցում իր պաշտպանյալին 44 օր անազատության մեջ պահելու համար։ Հայաստանյան դատարանների կողմից մերժում ստանալուց հետո Հայկ Սահակյանը դիմել է ՄԻԵԴ, որի որոշմամբ առաջիկայում պետությունից կստանա 3000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Հայաստանի Հանրապետությունը հարկատուների գրպանից տարբեր գործերով ամեն տարի միլիոնավոր դրամներ է վճարում արդարադատության համակարգի ներկայացուցիչների թույլ տված սխալների պատճառով։ Միայն այս տարի վճարել է ավելի քան 230 հազար եվրո, իսկ 2007 թվականից ի վեր՝ ավելի քան 800 հազար եվրո։

Եվրոպական դատարանում տասնյակ գործեր ունեցող փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով՝ այդ գործերից պետությունը դասեր չի քաղում․ - «Անգամ եթե կոնկրետ պաշտոնյաների չեն փորձում պատասխանատվության ենթարկել, գոնե պետությունը փորձեր գլոբալ առումով խնդիրը լուծել հետագայի համար՝ սխալվել ենք մի անգամ, կամ դիտավորություն ենք արել, բայց հրաժարվենք այլևս նման գործելաոճից և սկսենք աշխատել օրենքով․․․ Գոնե դա լիներ հետևանքը Եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումների, բայց մենք դա էլ չենք տեսնում»:

«Մենք օրենսդրական խնդիր գրեթե չունենք: Մեր օրենքները եվրոպական չափանիշներից երբեմն նույնիսկ մի քայլ առաջ են: Մենք ունենք օրենքի ճիշտ կիրառության խնդիր ընդամենը», - եզրափակեց Վարոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG