Մատչելիության հղումներ

«Այո»-ի և «Ոչ»-ի ճակատները սկսել են ակտիվ հանդիպումները


«Ոչ»-ի ճակատի համախոհները թռուցիկներ են բաժանում Վանաձորում

«Ոչ»-ի ճակատի համախոհները թռուցիկներ են բաժանում Վանաձորում

«Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարները վերջին օրերին ակտիվ հանդիպումներ են ունենում։ «Այո»-ն դահլիճային ֆորմատի կողմնակից է, «Ոչ»-ում էլ կարծում են, որ քարոզարշավի արդյունավետ ձևը փողոցներում շրջելն է։

Այսօր Արագածոտնի մարզում «Ոչ»-ի ճակատի հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հայտարարեց՝ եթե իրենց «ոչ»-ը կեղծվի, ցախավելների հեղափոխություն կանեն։

«Կյանքում մի անգամ, ժողովրդով, ազգովի, գալիս ենք «ոչ» ենք ասում, հաջորդ օրը էլ չենք սպասում, Արարատը բենզին կլցնի, Պողոսը թե Պետրոսը, ոտով, եղանով, փետով, էթում ենք կանգնում ենք մեր հրապարակում, մեր «ոչ»-ը պահում ենք։ Էդ «ոչ»-ով մենք պրծնում ենք Սերժից էլ, Շարմազանովից էլ, բոլորից միանգամից։ Ցախավելների հեղափոխություն»։

«Ոչ»-ի ճակատից Արագածոտնի մարզ էին այցելել Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները։ Գյուղացիներին հուզող հարցերը բազմաթիվ էին։

ՀԱԿ-ից պատգամավոր Արամ Մանուկյանը պնդեց, որ եթե «Ոչ»-ը պարտվի, ապա հանրապետականները և Սերժ Սարգսյանը հավերժ իշխանություն կլինեն։ Արագածոտնի մարզում նաև փոքրիկ հարցում անցկացրեցինք. թեև ներկայացվող նախագծին ծանոթ չէին, բայց ասում էին, որ դեմ են։

«Մեր ռոճիկնե՞րը պիտի ավելանա, թոշակնե՞րն ավելանա, ոռոգման ջրի խնդի՞րը լուծի... ի՞նչ օգուտ պիտի տա մեզ, իրա գահը ամրացնելու համար փոխում է Սահմանադրությունը»։

Գյուղացիներից մի քանիսն էլ թեև հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, բայց պնդեցին, որ ճնշումներ կան։ Պատմեցին, որ դպրոցի աշխատակիցներին ասել են՝ պետք է «այո» քվեարկեն, այլապես աշխատանքը կկորցնեն։ Պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով՝ միևնույն է՝ մարդիկ 100-ը 1-ի հարաբերակցությամբ «ոչ» կասեն։

«Ժողովուրդը հոգնել է և չի ուզում Սերժ Սարգսյանին այլևս իշխանության մեջ տեսնել»,- ասաց պատգամավորը։

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի առաջին շաբաթավերջին, ի տարբերություն «Ոչ»-ի, «Այո»-ի ճակատում սեփական հաղթանակի մասին դեռ չեն շտապում հայտարարել։ Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ հանրային իրազեկումը բարձրացնելու աշխատանքներ է պետք տանել.- «Փորձել ազդեցություն ունենալ նրանց ընտրական վարքագծի վրա։ Որքանով դա կստացվի, ինչքանով օգտակար կլինի, ցույց կտա ժամանակը և քվեարկության արդյունքները»։

Հանրապետականները վերջին օրերին մի շարք մարզային հանդիպումներ են անցկացրել։ Շտաբի պետի տեղակալ Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ իրենց ներկայացուցիչներն արդեն եղել են Վայքում, Գյումրիում և Սյունիքի մարզում։

«Այո» ասող «Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես մի շարք հանդիպումներ է անցկացրել, դրանք շարունակվելու են։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը տպավորություն է ստացել, որ քաղաքացիները բացասական չեն տրամադրված։

Դաշնակցությունը հանդիպումները շաբաթ օրվանից կսկսի։

Վաղվանից էլ հանրաքվեին ընդառաջ նոր հեռուստաշոու է մեկնարկում, որի հիմնական մասնակիցները հանրապետական պատգամավորներ են։ Ուղիղ եթերում հեռարձակվելիք հաղորդման մասնակիցները շրջելու են մարզերով՝ ներկայացնելով սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ տեսակետներ։ Մինչդեռ «Ոչ»-ի ճամբարի հիմնական ուժերը այս ռեալիթի շոուին հրաժարվել են մասնակցել, քանի որ այն «իշխանական պրոյեկտ» են համարում։

«Ես ուղղակի հաճույք եմ ստանում և իմ աշխատանքից գոհ եմ, երբ գալիս եմ պատահական մարդկանց, գյուղացիներին հանդիպում եմ, ժամուկես խոսում եմ, իրենց հարցերը լսում եմ, իրենց քննադատությունները լսում եմ, իմ ասածը ասում եմ, գնում եմ։ Ես ուղիղ շփվելու հնարավորություն ունեմ բոլոր ազատ մարդկանց հետ։ Ի՞նչ կարիք ունեմ շոուների մասնակցեմ։ Իրենք շոումեն են, իրենց շոուի ծրագրերը թող իրականացնեն»,- ասաց Արամ Մանուկյանը։

Հիմնականում հանրապետականներից կազմված «Այո»-ի ճակատին շոուի ընթացքում հակադարձող միակ պատգամավորը Հրանտ Բագրատյանն է լինելու, «ոչ» կասի նաև քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը։

Ի դեպ, հանրաքվեին ընդառաջ եթերում հայտնված մեկ այլ հաղորդման՝ «Եռանկյունի»-ի հաղորդավար, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր պարզաբանեց՝ իր վարած հաղորդումը հանրաքվեի հետ կապ չունի, իսկ լրագրողների այն հարցին էլ, թե արդյոք նկարահանումները աշխատանքային ժամերին չեն անցկացվում, խուսափեց պատասխանել։

«Եթե ուզում եք ժամի մասին խոսել, ապա խնդրում եմ հետևեք, որ ես ամեն օրը ժամը 6-ին գնամ տուն աշխատանքից»,- ասաց Աշոտյանը։

XS
SM
MD
LG