Մատչելիության հղումներ

Եռանախագահները քննադատում են Մինսկի խմբի ձևաչափը «փոխելու փորձերը»


Մինսկի խմբի համանախագահները Երևանում, արխիվ
Մինսկի խմբի համանախագահները Երևանում, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը փոխելու փորձերը կխոչընդոտեն կարգավորման առաջընթացը։

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկվող բանաձևին՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող միջնորդները ընդգծում են.- «Հակամարտությունը կարգավորելու համար առաջարկներ են հնչում նոր բանակցային ձևաչափերի և աշխատանքային խմբերի ստեղծման մասին։ Մենք կարծում ենք, որ Մինսկի խումբը միջնորդական առաքելության բացառիկ փորձ ունի։ Մինսկի խմբի ձևաչափը ընդունելի է կողմերի համար և վայելում է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների լիարժեք վստահությունը։ Հաշվի առնելով բանակցությունների զգայունությունը՝ ձևաչափը փոխելու փորձերը կամ զուգահեռ մեխանիզմների ստեղծումը կարող են խախտել բանակցային գործընթացը և խոչընդոտել կարգավորման առաջընթացը»։

Հիշեցնենք, ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովը անցած շաբաթ հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը, որը կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»: Հանձնաժողովը անհրաժեշտ էր համարել նաև ԵԱՀԿ-ին կից միջազգային խաղաղարար ուժերի ստեղծումը, «ինչը կամրապնդի Ղարաբաղի և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների անվտանգությունը»։

Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) այսօր տարածած իրենց հայտարարությունում միևնույն ժամանակ ընդգծում են, որ պատրաստ են համագործակցելու բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրություն են դրսևորում հակամարտության արդար և կայուն կարգավորման հասնելու հարցում։

«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԽԽՎ-ի ուշադրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ։ Մենք կիսում ենք մտահոգությունը, որը տեղ է գտել բանաձևում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների, ինչպես նաև շփման գծի երկայնքով լարվածության աճի վերաբերյալ։ Մենք խորը ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց մահվան դեպքերի կապակցությամբ»,- հայտարարում են միջնորդները՝ համաձայնելով, որ «հակամարտությունը շատ երկար է ձգվում»։

«Կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ խաղաղ կարգավորումը արագացնելու համար»,- նաև հավելում են դիվանագետները։

Վիեննայում կազմված այս հայտարարությունում միջնորդները վերահաստատում են՝ «կարգավորումը պետք է հիմնված լինի կողմերի փոխհամաձայնության վրա, ինչպես շեշտել էին Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները իրենց համատեղ հայտարարությունում, և վայելի միջազգային հանրության աջակցությունը»։

Համանախագահները շեշտում են, որ ԵԱՀԿ-ի կողմից հաստատված իրենց մանդատի շրջանակներում իրենք շարունակում են աջակցել կողմերին.- «Համաձայն մեր մանդատի՝ մեր խնդիրն է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես, խթանել բանակցությունները՝ համապարփակ կարգավորման հասնելու համար։ Մենք որոշակի պաշտոնների նշանակված դատավորներ չենք և ոչ էլ փաստաբաններ»։

XS
SM
MD
LG