Մատչելիության հղումներ

Կառավարությունը երկու շաբաթում արտաքին պարտքը ավելացրեց մոտ 600 միլիոն դոլարով


Կառավարության նիստ
Կառավարության նիստ

Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի կառավարությունը գրեթե 600 միլիոն դոլար պարտք վերցրեց:

Գործադիրն այսօր հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի ու Եվրասիական զարգացման բանկի հետ համաձայնագրերի կնքմանը, որով Հայաստանը 128.5 միլիոն դոլար վարկ կստանա: Հաշվի առնելով նախորդ երկու նիստերի ընթացքում կառավարության նմանատիպ որոշումները՝ ստացվում է երկու շաբաթվա ընթացքում երկրի արտաքին պարտքը ավելացավ 581.5 միլիոն դոլարով:

Այն, որ Հայաստանի արտաքին պարտքը մեծանում է նման արագ տեմպերով, կարծես թե չի մտահոգում կառավարության անդամներին: Համենայնդեպս, վարկային համաձայնագրերին հավանության տալիս բարձրաձայն որևէ հարց, կարծիք չհնչեց, և վարչապետ Հովիկ Աբրահամյանը միայն փաստում էր, որ հերթական խոշոր վարկային համաձայնագիրը հաստատված է:

Կառավարության նիստերին վարկային այս համաձայնագրերը ներկայացնում էր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն կառավարության շենքում նրան հարցեր ուղղելը գրեթե անհնար է, որովհետև սուպերնախարարը, ինչպես նրան բնորոշում է մամուլը, զրահապատ մեքենայով մտնում է շենքի ներքին բակ, որը փակ է լրագրողների համար, իսկ գործադիրի նիստից հետո միջանցքներով հասնում է աշխատասենյակ:

Ուստի, թե ինչ են մտածում կառավարությունում երկրի արտաքին պարտքի նման սրընթաց մեծացման մասին, փորձում ենք հասկանալ գործադիրի ֆինանսա-տնտեսական հատվածի այլ նախարարներից: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, օրինակ, անցած շաբաթ ասաց, որ ավելի կարևոր է, թե այդ միջոցները ինչպես են ծախսվում:

«Արտաքին պարտքի ծավալները հաշվարկված են, և այդ բեռը ընդհանուր տնտեսագիտական իմաստով մեծ է, թե փոքր է՝ ավելի շատ կախված է տնտեսության արդյունավետությունից»,- ասել էր նախարարը։ Հարցին, թե արդյոք Հայաստանը Հունաստանի ճանապարհո՞վ չի գնում, նախարարը բացասական պատասխան էր տվել՝ չմանրամասնելով իր տեսակետը։

Այսօր հաստատված վարկային պայմանագրերի համաձայն՝ 88.5 միլիոն դոլար հատկացվելու է դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացմանը, իսկ 40 միլիոն դոլար՝ ոռոգման համակարգերի արդիականացմանը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Ֆինանսների նախարարության տվյալներով, սեպտեմբերի 30-ի դրությամբ միայն կառավարության արտաքին պարտքը կազմում էր 3 միլիարդ 593 միլիոն դոլար: Սակայն Կենտրոնական բանկը նույնպես արտաքին տպավորիչ պարտք ունի՝ սեպտեմբերի 30-ի տվյալներով այն կազմում էր ավելի քան 477 միլիոն դոլար: Եթե գումարենք, կստացվի Հայաստանի արտաքին պարտքն արդեն կազմում է 4 միլիարդ 651.5 միլիոն դոլար, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է նախաճգնաժամային՝ 2008 թվականի ցուցանիշը: Ըստ ֆինանսների նախարարության, Հայաստանը 2008-ը փակել է 1 միլիարդ 577 միլիոն դոլար արտաքին պարտքով:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, թե ինչքանով են կառավարության վերցրած վարկերը արդյունավետ Հայաստանի տնտեսության համար, ցույց է տալիս երկրի տնտեսական աճը՝ Հայաստանը, ունենալով զարգացող տնտեսություն, աշխարհի միջին տնտեսական աճից ավելի ցածր աճ է ապահովում, մինչդեռ պետք է ավելի մեծ աճ ունենար, ինչպես այլ զարգացող տնտեսությունները:

«Եթե ընդունում ենք, որ մեր տնտեսական աճի հիմքում դրված է խաղատունը, դրված է պղնձի գների անկումը, դրանցով է պայմանավորված մեր տնտեսությունը, վարկը ինչպե՞ս է ներազդելու այս ոլորտներում խնդիրների կարգավորմանը, չէ որ դրանք համաշխարհային շուկայի կոնյունկտուրայի զարգացումներով են պայմանավորված»,- ասաց Մանուկյանը։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Հայաստանի տնտեսությունը՝ արտահայտված ԱՄՆ դոլարով, դեռ չի հասել նախաճգնաժամային՝ 2008 թվականին մակարդակին, և այդ մակարդակին կհասնի միայն 2019-ին: Հարևան Ադրբեջանը դա արեց 2009 թվականի տնտեսական ճգնաժամի հաջորդ տարում՝ 2010-ին, իսկ Վրաստանը՝ 2011-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG