Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտե․ ՊՆ-ից 455 հազար դոլար է հափշտակվել, մեխանիզմը բացահայտված է


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է Հայաստանի Զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննչական կոմիտեի՝ մի քանի այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի բնօրինակները փաստում են, որ նշված համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում ներկայացվել են ուռճացված գներ, հաշիվ-ապրանքագրերում ներառվել կեղծ տեղեկություններ։ Արդյունքում, Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախնական տվյալներով հափշտակվել է շուրջ 455 հազար դոլարին համարժեք դրամ:

«2013 թվականի օգոստոսի 21-ին «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերությունը ՀՀ ՊՆ-ի հետ ստորագրել է թիվ ԲԸԱՀԱՊՊՁԲ-1-3 պայմանագիրը՝ ՀՀ ԶՈւ օպերատիվ կառավարման և իրավիճակների վերահսկման կենտրոնի տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագրի արժեքը կազմել է 485.831.189 ՀՀ դրամ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: - «Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախքան ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագրի կնքումը նշված ընկերության տնօրենը մասնակցել է բանակցային գործընթացին։ Նկատի ունենալով, որ ՀՀ-ում նմանատիպ համակարգ չկա, և համակարգի ստեղծման համար առաջադրված խնդիրները բարդ ու մեծածավալ են, որոնք պահանջում են նոր տեղեկատվական տեխնոլոգիայի կիրառում, և անհրաժեշտ կլինի մի շարք երկրներից ձեռք բերել տարբեր տեսակի ու քանակի սարքավորումներ, որոնք ՀՀ շուկայում չկան, ինչի պարագայում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք հնարավորություն չեն ունենա ներկայացված գնային առաջարկն ուսումնասիրել և համեմատել շուկայական արժեքների հետ, բացի այդ, արտերկրից ձեռք բերված ապրանքները հասցեագրվելու են ՀՀ պաշտպանության նախարարության անունով, և դրանք ենթակա չեն հայտարարագրման՝ արտերկրից ձեռք բերվող ապրանքների գնային առաջարկում ներկայացրել է դրանց իրական արժեքներից տարբերվող, ուռճացված գներ»:

Չարաշահումների վերաբերյալ հիմնավոր կասկածներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական մեծածավալ գործողություններ։ Պարզվել է, որ անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվել տարբեր երկրներից, և իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություններ են ուղարկվել մի քանի այլ երկրների իրավապահ մարմիններին։ ԱՄՆ-ից և Վրաստանից ստացվել են տվյալ երկրներում գործող տարբեր ընկերություններից սարքավորումներ ձեռք բերելու վերաբերյալ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության գործարքների արժեքների մասին փաստական տվյալներ, պարզվել է կատարված հափշտակության մեխանիզմը։

«Նախնական քննության արդյունքների համաձայն՝ կատարված խարդախությունը թաքցնելու նպատակով ձեռք են բերվել պայմանագրի տեխնիկական տվյալներին համապատասխան ապրանքներ, սակայն նշված ընկերության տնօրենի կողմից դրանց վերաբերյալ պատրաստվել են կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր. մուծվել է պայմանագրով նախատեսված հարկային պարտավորությունների ողջ գումարը, իսկ հափշտակված գումարներն ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ձևակերպվել են որպես կրեդիտորական պարտքեր», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 28-ին որոշում է կայացվել քրեական գործով դեռևս 2014 թվականին որպես մեղադրյալ ներգրավված «Էյ Ար-Այ Սի Թի» ընկերության տնօրեն Ա. Սարգսյանի մեղադրանքի ծավալը փոփոխելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար՝ 454.916,65 դոլարին համարժեք 186.136.612 միլիոն դրամ հափշտակելու համար՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Սարգսյանը գտնվում է նախնական կալանքի տակ:

Քննության արդյունքների մասին հավելյալ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն, ասված է հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով «առանձնապես խոշոր չափերով խարդախության» համար սահմանված է չորսից մինչև ութ տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG