Մատչելիության հղումներ

Բողոքի բազմահազարանոց ակցիաներ Իրանի ադրբեջանաբնակ քաղաքներում


Իրան - Էթնիկ ադրբեջանցիների բողոքի ցույցը Թավրիզում, 10-ը նոյեմբերի, 2015թ․

Իրան - Էթնիկ ադրբեջանցիների բողոքի ցույցը Թավրիզում, 10-ը նոյեմբերի, 2015թ․

Ադրբեջանցիների բողոքի գործողությունների առիթը երգիծական հեռուստահաղորդումն է:

Երրորդ օրն է արդեն, ինչ Իրանի հյուսիսում բնակվող հազարավոր ադրբեջանցիներ դուրս են գալիս փողոց` պաշտոնական Թեհրանից պահանջելով հարգել երկրի խոշորագույն ազգային փոքրամասնության իրավունքները:

Բողոքի ակցիաների առավել ծայրահեղականորեն տրամադրված մասնակիցներն անգամ պահանջում են թույլատրել ադրբեջանական դպրոցների գործունեությունը իսլամական հանրապետության տարածքում, երբեմն նաև ադրբեջանական հանրապետության հետ միավորման կոչեր են հնչում:

«Մենք թուրք ենք», «Ադրբեջանի ժողովուրդն այլևս չի դիմանում [պարսկական] լծին», «Ադրբեջանը կա և կլինի, ում դա դուր չի գալիս` թող կուրանա»․ սրանք են Իրանի հյուսիսում երկուշաբթի օրվանից ծավալված բողոքի ակցիաների գլխավոր կարգախոսները:

Ադրբեջանցիների բողոքի գործողությունները սկիզբ առան երկրի պետական հեռուստատեսության երկրորդ ալիքով հեռարձակված երգիծական մի ծրագրից հետո, որում ադրբեջանցիները և ադրբեջաներենը ծաղրի էին ենթարկվում: Հաղորդման գլխավոր հերոսները ադրբեջանական մի ընտանիքի անդամներն են, որոնք հյուրանոցի աշխատակցին բողոքում են իրենց սենյակից եկող անտանելի հոտից` չհասկանալով, որ այդ բուրմունքի իրական աղբյուրը հենց իրենք են:

Իրանի հեռուստատեսության ղեկավարությունը շաբաթասկզբին արդեն հայտարարեց, որ միլիոնավոր ադրբեջանցիների վրդովմունքի պատճառ դարձած հեռուստահաղորդման հեռարձակումը դադարեցվել է, իսկ դրա հեղինակները հեռացվել են աշխատանքից: Չնայած դրան՝ անհաջող կատակը դարձավ այն առիթը, որն առավելապես ազգային կարգախոսների ներքո փողոց դուրս բերեց Թավրիզի, Ուրմիայի, Մարաղայի, մի շարք այլ խոշոր ադրբեջանաբնակ քաղաքների բնակիչներին:

Իրանի հյուսիսից ստացվող կցկտուր տեղեկություններից և սոցիալական ցանցերում հայտնվող սիրողական տեսագրություններից դատելով` բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Ադրբեջանական աղբյուրները պնդում են տասնյակ ձերբակալվածների և վիրավորների մասին:

Վերջին անգամ Իրանի ադրբեջանցիները զանգվածաբար փողոց էին դուրս եկել 9 տարի առաջ` 2006 թվականի մայիսին: Այն ժամանակ ևս պատճառը մամուլում հայտնված ծաղրական հրապարակումն էր․ իշխանամետ «Իրան» օրաթերթի ծաղրանկարիչները ադրբեջանցիներին համեմատել էին միջատի, ավելի հստակ՝ խավարասերի հետ: 2006-ին բողոքի ակցիաները շարունակվեցին ավելի քան մեկ շաբաթ` ուղեկցվելով ոստիկանության հետ կատաղի բախումներով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ դրանց ընթացքում 4 ցուցարար զոհվեց, ավելի քան 300 մարդ էլ հայտնվեց իրանական բանտերում:

Մոտավոր հաշվարկներով՝ Իրանում շուրջ 15 միլիոն ադրբեջանցի է ապրում, որոնցից շատերը բավական նշանակալի դիրքերի են հասել իսլամական հանրապետության կառավարման համակարգում: Երկրում համառորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ ազգությամբ ադրբեջանցի է նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: Նա այդ փաստն առանձնապես չի էլ թաքցնում` Իրանի հյուսիսային շրջաններ այցելությունների ընթացքում իր ճառերում պարբերաբար ֆարսիից անցնելով ադրբեջաներենի:

«Անկախ նրանից` մարդը պարսիկ է թե թուրք, մենք նախևառաջ իրանցի ենք, մահմեդական ենք, մենք եղբայրներ ենք», - 2012-ին Իրանի հյուսիսում հնչեցրած ելույթներից մեկում դիմելով տեղացի ադրբեջանցիներին՝ հայտարարում էր Ալի Խամենեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG