Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ խոսնակ. «Անկեղծ եմ ասում, մեզ կեղծված հանրաքվե պետք չէ»


Հանրապետական խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հանրապետական խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության խոսնակը պնդում է՝ Հանրապետականին կեղծված հանրաքվե պետք չէ:

Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, թե առաջին հերթին հենց իրենք են շահագրգռված, որպեսզի կեղծիքներ չլինեն, ընդգծելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ է արել միջազգային տարբեր կառույցների՝ ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին ու Եվրոպական խորհրդարանին:

«Մեր խնդիրն է, որպեսզի սահմանադրական հանրաքվեն անցնի բացառապես... սա անկեղծ եմ ասում, լուրջ եմ ասում` ժողովրդավարական չափանիշների համաձայն։ Մեզ կեղծված հանրաքվե պետք չէ։ Կունենանք որակյալ հանրաքվե` կունենանք բարեփոխված Սահմանադրություն։ Չենք ունենա որակյալ հանրաքվե` այդ բարեփոխված Սահմանադրությունը գրոշ չի կարող արժենալ»,- ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում իշխանությունը բավարար քայլեր չի անում ընտրական պրոցեսի շուրջ հանրության վստահությունը բարձրացնելու համար, մասնավորապես, մտահոգություններ են հնչում ընտրացուցակների ուռճացված լինելու, ID քարտերով կրկնակի քվեարկություններ իրականացնելու մասին, Ազգային ժողովի փոխնախագահն ասաց, թե խորհրդարանական 5 խմբակցություններից երկուսի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի և Դաշնակցության առաջարկները նույնականացման քարտերի մասով իրենք բավարարել են: Փոխզիջումների արդյունքում հնարավոր է դարձել ընտրել այս պահի համար ամենառացիոնալ որոշումը: Բացի այդ, Շարմազանովի համոզմամբ, գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս ընտրական ողջ գործընթացը պահել վերահսկողության տակ:

Մինչդեռ «Ոչ»-ի ճամբարը պնդում է, թե հանրաքվեին ընդառաջ իշխանությունը կատարելագործում է կեղծարարության մեխանիզմները՝ այս անգամ արդեն գործի մեջ դնելով ID քարտերը, որոնցով բազմակի քվեարկություններ իրականացնելու հնարավորություն է ստեղծվում: Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում կասկածներ էր հայտնել, թե հնարավոր է անգամ կեղծ ID քարտեր տպագրվեն:

Շարմազանովը հակադարձեց.- «Մարդկային ֆանտազիան այնքան լայն է, մանավանդ իրենցը, որ եղել են Հայաստանում ընտրակեղծիքների հայրերը։ Միգուցե իրենք ունեն դեռևս անկատար պլաններ, որ չի հաջողվել այն ժամանակ իրականացնել, հիմա ասում են՝ եթե մենք լինեինք, սենց կանեինք։ Եվ պետք չէ իրենց մեր արշինով չափել։ Ես չեմ ասում մենք երկնքից իջած հրեշտակներ ենք...»։

«Ընդդիմությունը պնդում է, որ դուք եք կատարելագործում ընտրակեղծիքները»։ «Իրենց որ լսեք՝ իրենք ամենաուժեղ կուսակցությունն են, բայց մենք ասում ենք, որ իրենք նույնիսկ իրենց կուսակցությունում չեն կարող ամբողջություն պահպանել»,- հեգնեց ՀՀԿ-ի խոսնակը։

Հարցին, թե ինչո՞ւ Հանրապետականը կտրականապես ընդդիմացավ մատները թանաքոտելու առաջարկին, իշխող կուսակցության խոսնակը պատասխանեց.- «Դա ընդդիմանալու խնդիր չէ։ Մատների թանաքոտման պրակտիկան ցույց է տվել, որ դա անկատար է: Այսինքն մատների թանաքոտումը լիարժեքորեն ևս մեկ մեխանիզմ չէ, որպեսզի դու ընտրակեղծիքների դեմ պայքարես։ Որովհետև էդ մատների թանաքը կարելի հազար ձևով այնպես անել, որ չերևա։ Խորհուրդ կտամ ոչ թե կեղծ ինֆորմացիոն հոսքեր գցել հրապարակ, այլ բովանդակային քննարկում իրականացնել»։

Հակադարձելով ընդդիմության պնդումներին, որ նոր Սահմանադրության նպատակը իշխանության վերարտադրությունն է, Շարմազանովը մեջբերեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին.- «Դավիթ Հարությունյանը շատ լավ պատասխանել է, որ ով ասում է, թե սա միակուսակցական համակարգ և վերարտադրության տանող ճանապարհ է, նա կա՛մ չի կարդացել, կա՛մ էլ անգրագետ է»։

Հարցին էլ, թե Սերժ Սարգսյանը արդեն որոշում կայացրե՞լ է, կմասնակցի՞ իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին, Շարմազանովը պատասխանեց.- «Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, իրականացնում է իր սահմանադրական լիազորությունները, ինքը կորոշի՝ կմասնակցի, թե չի մասնակցի»։

XS
SM
MD
LG