Մատչելիության հղումներ

Ռուսական ինտերնետում քննարկվում է Պուտինի դստեր թեման


Կատերինա Տիխոնովա, Կիրիլ Շամալով
Կատերինա Տիխոնովա, Կիրիլ Շամալով

Reuters-ի պնդմամբ՝ միլիարդատեր Կատերինա Տիխոնովան Ռուսաստանի նախագահի դուստրն է, Կրեմլը, սակայն, դա «հերքում է»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերի մասին արևմտյան մամուլը հաճախ է գրում՝ ի տարբերություն ռուսականի:

Երեկ Reuters լրատվական գործակալությունը սկանդալային հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ միլիարդատեր Կատերինա Տիխոնովան Պուտինի դուստրը՝ Եկատերինա Պուտինան է: Ընդ որում, գործակալությունը հղում էր արել «Գազպրոմբանկ»-ի ղեկավար Անդրեյ Ակիմովին՝ գրելով, թե վերջինս հաստատել է այն տեղեկությունը, որ Մոսկվայի պետհամալսարանի կառույցներից մեկի ղեկավար Կատերինա Տիխոնովան Ռուսաստանի նախագահի կրտսեր դուստրն է:

29-ամյա Տիխոնովան Կիրիլ Շամալովի՝ «Ռոսիա» բանկի համասեփականատեր Նիկոլայ Շամալովի որդու կինն է:

Reuters-ը պարզել է, որ Տիխոնովան ու Շամալովը 2 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով հոլդինգների, այդ թվում` «Սիբուր» նավթաքիմիական հոլդինգի սեփականատերերն են: Հետաքրքիր է, որ Շամալովը «Սիբուր» հոլդինգը գնել է Պուտինի մտերիմ ընկեր Գենադի Տիմչենկոյից:

Reuters-ը գրում է, որ Շամալովին և Տիխոնովային է պատկանում Ֆրանսիայի Բիարից քաղաքում գտնվող վիլլան, որի արժեքը 3․7 միլիոն դոլար է: Այն նույնպես ձեռք է բերվել Տիմչենկոյից:

Բացի այդ, արևմտյան մամուլի համաձայն, Կատերինա Տիխոնովան մի շարք նախագծեր է իրականացնում Մոսկվայի պետական համալսարանում:

Reuters-ի այս հրապարակումը երեկ ռուսական ինտերնետում ամենաքննարկվող թեման էր, որին արձագանքել են, օրինակ, և՛ Ալեքսեյ Նավալնին, և՛ Միխայիլ Խոդորկովսկին:

Արձագանքել է նաև Կրեմլը՝ յուրօրինակ ձևով: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախ ասել է, որ Ակիմովն արդեն հերքել է, թե Reuters-ին նման բան է փոխանցել: Ապա Կրեմլի խոսնակը հավելել է, թե տեղեկություն չունի Պուտինի դուստրերի մասին, քանի որ դա չի մտնում իր ծառայողական պարտականությունների մեջ:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահը պաշտոնապես ամուսնալուծված է և ունի երկու դուստր՝ Մարիան և Եկատերինան: Ավագ դուստր Մարիան ամուսնացած է հոլանդացու հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG