Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը միացել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին


Պաշտպանության նախարարը զորամասերից մեկում, արխիվ

Պաշտպանության նախարարը զորամասերից մեկում, արխիվ

Ընդդիմադիրներն անթույլատրելի են համարում Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին պաշտպանության նախարարի մասնակցությունը։

Վարչապետ, տարածքային կառավարման նախարար, նախագահի աշխատակազմի և վերահսկողության ծառայության պետեր՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը թվարկում է Հանրապետականի քարոզարշավի շտաբի անդամներին և պնդում՝ ցանկալի արդյունք ապահովելու համար իշխանությունն ընդարձակում է վարչական լծակների կիրառումը։

«Դրա իրավունքը նրանք չունեին, և այդ առումով, այո՛, մենք գործ ունենք ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման հետ։ Չեմ կասկածում, որ ինչպես միշտ, բանակը կօգտագործվի ընտրությունների կեղծման նպատակով։ Դա միշտ ցույց է տվել պրակտիկան»,- ասաց Զուրաբյանը։

Երեկ համացանցում տարածվեց քարոզչական մի տեսանյութ, որում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր աջակցությունը հայտնելով սահմանադրական փոփոխություններին, նշում է, որ նոր Սահմանադրությունը կնպաստի երկրի պաշտպանունակության բարձրացմանը։

«Սահմանադրական նոր բարեփոխումներով Զինված ուժերի կառավարման հրամանատրման համակարգը անկախ անձերից և քաղաքական այլևայլ վերադասավորումներից երաշխավորելու է մեզանից յուրաքանչյուրի, ողջ հայ ժողովրդի և նաև մեր երկրի պաշտպանունակության բարձր մակարդակը»,- քարոզչական հոլովակում ասում է նախարարը։

Զուրաբյանը նկատում է՝ ի տարբերություն քաղաքական այլ պաշտոնների՝ պաշտպանության նախարարի խոսքն ինչ-որ առումով նաև հրաման է.- «Եվ վստահ եմ, որ համապատասխան հրամանները արդեն տրված են հրամանատարներին, և, ցավոք, բանակի մեր զինվորներին տանելու են իշխանության համար ցանկալի քվեարկության»։

«Երբ արդեն պաշտպանության նախարարին դարձնում քարոզարշավի մասնակից, սա խոսում է այն մասին, որ լուրջ խնդիր է առաջացել այդ «այո»-ն կյանքի կոչելու հարցում»,- նկատում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նա հիշեցնում է՝ հենց հանրապետականներն էին ընդդիմադիրներին պարբերաբար հորդորում բանակը չներքաշել քաղաքականության մեջ: «Շատ եմ ափսոսում, որ պաշտպանության նախարարին են մասնակից դարձնում այս ապօրինություններին, որովհետև կա մի սրբություն` դա մեր բանակն է, իսկ բանակին այս ամենի մեջ խառնելը ուղղակի դավաճանություն է»,- ասաց Փոստանջյանը։

Հանրապետականները հակադարձում են՝ Սեյրան Օհանյանը «այո»-ի քարոզարշավին է միացել, քանի որ մտահոգված է երկրի անվտանգությամբ, սակայն որևէ հրահանգ կամ կոչ չի տվել բանակին։

«Երբ մեր թիմի յուրաքանչյուր անդամ էկրանին երևա, բնականաբար, ընդդիմությունը պիտի ասի՝ «վարչական ռեսուրս»։ Նա պարզապես որպես Ղարաբաղյան ազատամարտի մասնակից և լուրջ գործունեություն կատարած անձնավորություն երևում է էկրանին»,- ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հանրապետական խմբակցության քարտուղարը ևս բացառում է, որ քարոզարշավում նախարարի ներգրավվելուց հետո զորամասերում կարող է «այո»-ի քարոզ սկսվել։ Ավելին՝ Գագիկ Մելիքյանը պնդում է, որ Սեյրան Օհանյանը իր անձնական տեսակետն է հայտնել։

«Պաշտպանությամբ զբաղվող ցանկացած զինծառայող՝ զինվորից սկսած մինչև գեներալ և պաշտպանության նախարար, որպես ՀՀ քաղաքացիներ իրավունք ունեն մասնակցելու քարոզչության պրոցեսին, իրավունք ունեն իրենց կարծիքը ազատորեն արտահայտելու»,- ասաց Մելիքյանը։

Մինչդեռ ընդդիմադիրները պնդում են՝ Սեյրան Օհանյանը ոչ թե իր, այլ բանակի անունից է հանդես գալիս, տեսանյութում էլ օգտագործվում են բանակի զորավարժության, զինվորների կենցաղը պատկերող կադրեր։

XS
SM
MD
LG