Մատչելիության հղումներ

Հայաստանից Եգիպտոս գործում են միայն չարթերային չվերթներ


Շարմ էլ-Շեյխի լողափներից մեկը:

Շարմ էլ-Շեյխի լողափներից մեկը:

«Քաղավիացիայի վարչությունը միայն տեղական ավիաընկերություններին կարող է արգելել Եգիպտոսի օդային տարածք մուտք գործել, բայց այդպիսիք չկան», - «Ազատության» հետ զրույցում նշեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:

Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսաստանյան քաղաքացիական օդանավի կործանումից հետո նախ Մեծ Բրիտանիան, այնուհետև Ռուսաստանը կասեցրել են չվերթները դեպի Եգիպտոս: Մինչդեռ Հայաստանը, որի համար Եգիպտոսը զբոսաշրջային կարևոր ուղղություններից է, լռություն է պահպանում այս առնչությամբ:

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատությանը» փոխանցեց, որ ուժի մեջ է մնում դեռ հուլիսին՝ նախքան «Կոգալիմավիա»-ի օդանավի վթարը, իրենց տարածած հայտարարությունը, որով հորդորում էին հայ զբոսաշրջիկներին Եգիպտոս մեկնելու դեպքում դուրս չգալ հանգստյան գոտուց:

Պաշտոնական այս հայտարարությունն արվել էր, երբ Եգիպտոսի զինուժը օդային հարվածներ և ցամաքային գործողություններ էր իրականացրել Հյուսիսային Սինայում:

«Զվարթնոց» օդակայանից դեպի Եգիպտոս ուղիղ չվերթ վաղուց չի գործում», - «Ազատությանը» փոխանցեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանն ու հավելեց, որ Ամանորից հետո նախատեսված է ընդամենը մի քանի չարթերային թռիչք դեպի Շարմ էլ-Շեյխ:

«Քաղավիացիայի վարչությունը միայն տեղական ավիաընկերություններին կարող է արգելել Եգիպտոսի օդային տարածք մուտք գործել, բայց այդպիսիք չկան», - նշեց Գրձելյանը:

Իսկ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները, հիմնականում չնկարահանվելու պայմանով, ասում էին, որ այս օրերին աշխատում են հաճախորդներին չառաջարկել Շարմ էլ-Շեյխ և Հուրգադա ուղղությունները:

Գործակալություններից մեկի ղեկավար Լուսինե Ավետիսյանի խոսքով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Եգիպտոսի զբոսաշրջային փաթեթի նկատմամբ պահանջարկը նվազել է 50-60 տոկոսով․ - «Հաշվի առնելով վերջին դեպքերը A321-ի հետ կապված, արդեն բավականին շատ նվազել են հարցումները կոնկրետ Եգիպտոսը և՛ մոտակա օրերին, և՛ Ամանորի համար»:

Դեպի Եգիպտոս նախապես գնված տոմսերը վերադարձնողներին այս գործակալությունն առաջարկում է ուղևորվել Արաբական Միացյալ Էմիրություններ և Հորդանան: Եգիպտոսում այս պահին հանգստացող հայ զբոսաշրջիկները զանգահարում են գործակալություն ու պատմում, որ այլ երկրների զբոսաշրջիկներին տարհանում են:

Լուսինե Ավետիսյանն այս առնչությամբ ասաց, թե կոնկրետ ՀՀ քաղաքացիների հետ կապված «ոչ մի խնդիր չկա»․ - «Մենք միշտ իրենց հետ կապի մեջ ենք»:

Չնայած այս ամենին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տուրօպերատորներից շատերը կրկնակի ցածր գներով զբոսաշրջային փաթեթներ են առաջարկում դեպի Եգիպտոս:

XS
SM
MD
LG