Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ»-ը ղարաբաղյան կարգավորման «քննարկվող տարբերակ» է բացահայտում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ

Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաները, սակայն, չեն հաստատում լուրջ փոխզիջումների պատրաստակամությունը:

Ղարաբաղյան բանակցություններում այժմ քննարկվում է կարգավորման մի տարբերակ, որի համաձայն, հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի և թերևս ևս մեկ շրջանի, ինչի դիմաց Բաքուն թեև պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով, այսօր գրել է ռուսական «Կոմերսանտ»-ը:

Թերթը հղում է արել բանակցություններին մոտ կանգնած իր ռուսական աղբյուրներին, որոնք նաև պնդել են, թե կայունությունը երաշխավորելու համար տեղում կարող են ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ տեղակայվել:

Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաները, սակայն, չեն հաստատել այսօրինակ լուրջ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը: Բաքվում շարունակել են պնդել, թե առավելագույնը, որ կարող են անել, Ղարաբաղի ինքնավարության ճանաչումն է Ադրբեջանի կազմում: Երևանում ևս հրաժարվել են խոսել տարածքային ինչ-ինչ զիջումների մասին՝ ընդգծելով, որ նման ծրագիր չի էլ քննարկվում: Ավելին, ռուսական թերթի հետ զրույցում հայաստանյան աղբյուրը պնդել է, թե կարգավորման փորձերը դատապարտված են ձախողման, քանի դեռ բանակցություններին որպես ինքնուրույն դերակատար չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը: «Բաքվում այս մասին նույնիսկ լսել չեն ուզում», - նկատում է «Կոմերսանտ»-ը:

Ադրբեջանական դիվանագիտական աղբյուրը պնդել է, թե փակուղային այս իրավիճակում խիստ մեծ է հավանականությունը, որ լարվածությունը ինչ-որ պահի կարող է վերածվել լայնածավալ հակամարտության: «Եթե այլ ելք չմնա, մենք պատրաստ ենք պատերազմել», - ասել է Ադրբեջանի ուժային կառույցներից մեկի ղեկավար պաշտոնյան՝ վստահեցնելով, թե վերջին տարիներին ուժերի հարաբերակցությունը փոխվել է, և ակնհայտորեն ոչ հօգուտ Հայաստանի: «Մեր ռազմական բյուջեն ավելին է, քան ողջ Հայաստանի բյուջեն, մեր բանակի համար գնվում է նորագույն զինամթերք, ինչը Երևանը չունի, բացի այդ՝ Նախիջևանում տեղակայված են մեր հարվածային ստորաբաժանումները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հարձակվել Երևանի վրա», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Արձագանքելով Բաքվի այս սպառնալիքներին, Երևանում հիշեցրել են՝ Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին, և դաշնակից Ռուսաստանը պարտավորվել է աջակցել նաև անվտանգության հարցում:

Կրեմլին մոտ կանգնած ռուսական աղբյուրն էլ, իր հերթին, պնդել է, թե պետք չէ ադրբեջանական կողմի այդ հայտարարությունները աներկբա ընդունել: «Իրականում նրանք վախենում են պատերազմից ու հայերից, 90-ականների պատերազմը շատ ցավագին ավարտվեց նրանց համար», - ասել է Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը՝ ընդգծելով, որ ռազմական հռետորաբանությամբ Բաքուն պարզապես փորձում է ամրապնդել իր դիրքերը բանակցություններում, ինչպես նաև ազդակներ հղել միջազգային հանրությանը, թե այս հակամարտությունը սառեցված չէ, և պետք է ելքեր փնտրել կարգավորման համար:

Ամփոփելով Ռուսաստանի արտգործնախարարի երեկ Երևան կատարած այցը՝ «Կոմերսանտ»-ը փաստում է, որ ամիսներ առաջ՝ սեպտեմբերին էլ նմանօրինակ այցով Լավրովը մեկնել էր Ադրբեջան: «Մոսկվան փորձում է հանդարտեցնել կրքերը, սակայն կողմերի դիրքորոշումները մերձեցնելու մասին հաղորդումներ չկան», - արձանագրում է ռուսական պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG