Մատչելիության հղումներ

Հայկական կողմը Կարմիր Խաչի միջոցով բանակցում է տարեց կնոջը Հայաստան վերադարձնելու համար


Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունի

Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունի

Հայկական կողմի նախնական վարկածով, Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի 77-ամյա բնակիչը մոլորվել է և հատել հայ-ադրբեջանական սահմանը։

Հայաստանն այժմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Լուսիկ Աբովյանին գերությունից վերադարձնելու համար։

Ադրբեջանի իշխանությունները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին տեղեկացրել են Հայաստանի քաղաքացու՝ իրենց տարածքում գտնվելու մասին։ Հիմնվելով միջազգային իր մանդատի և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից վավերացված Ժնևի կոնվենցիաների վրա՝ այժմ Կոմիտեն սպասում է Ադրբեջանի իշխանությունների թույլտվությանը՝ տարեց կնոջը այցելելու համար, «Ազատությանը» փոխանցեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Կարմիր Խաչի մանդատը հնարավորություն է տալիս երկխոսություն տանել պատասխանատու իշխանությունների հետ մյուս կողմի քաղաքացուն այցելելու ուղղությամբ»,- ասաց Ամատունին։

Հայ-ադրբեջանական սահմանամերձ Կոթի գյուղի տարեց բնակիչը երկու օր առաջ գյուղի մյուս ծայրում բնակվող քրոջն այցելելուց հետո տուն չի վերադարձել։ Քրոջ տունը սահմանից մոտ երկու կիլոմետր է հեռու. հարազատները տարակուսած են, թե կինն ինչպես կարող էր անցնել սահմանը։

«Ասավ՝ գնում եմ քեզ համար բաներ առնեմ, էդ ա, ժամը 12-ին գնաց, էդ գնալն էր, գնաց, ճամփան պահեցի, չեկավ, 15-20 րոպե է քաշում նրա գնալ-գալը»,- պատմեց Լուսիկ Աբովյանի ամուսինը՝ Նորիկ Աբովյանը։

Ադրբեջանական կողմում գերի ընկած կնոջ ընտանիքում չեն հավատում պաշտոնական վարկածին։ Նորիկ Աբովյանը համոզված է՝ ադրբեջանցիները առևանգել են կնոջը։

«Մութն ընկավ, տղերքն եկան, ձորերն ընկան, ման եկան, եկան ասին՝ պապիկ ջան, արդեն գտնվել ա, թուրքերը տարել են։ Ինձ գալիս են ասում՝ ինքն ա իրան-իրան գնացել, սուտ են ասում, թուրքերը տապ են արել...»,- համոզված է Աբովյանը։

Կառավարությանն առընթեր գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի նախնական վարկածով, տարեց կինը մոլորվել է, այնպես ինչպես անցած տարի մոլորվելով սահմանը հատել էին 77-ամյա Մամիկոն Խոջոյանն ու Կարեն Պետրոսյանը։

Կապրիելյանը հույս ունի, որ այս անգամ գոնե Ադրբեջանը մոլորված կնոջը անվնաս կփոխանցի հայկական կողմին։ Մինչդեռ ոչ վաղ անցյալի փորձը հայկական կողմին լավատեսություն չի ներշնչում. Կարեն Պետրոսյանը գերության մեջ մահացավ, իսկ Մամիկոն Խոջոյանը վերադարձավ խոշտանգումների հետքերով և երկու ամիս անց նույնպես մահացավ։

«Շատ դեպքերում այն կողմում հայտնված յուրաքանչյուր հայազգի մարդու փորձում են ներկայացնել արտաքին աշխարհին որպես դիվերսանտ, լրտես։ Նույնիսկ այն տարեց մարդուն՝ Խոջոյանին, փորձում էին ներկայացնել որպես դիվերսանտ, հետո դիվերսիոն խմբի ուղեկից և այլն»,- ասաց նա։

Կապրիելյանը նշում է, որ հատկապես վերջին տարիներին մոլորված քաղաքացիների հարցերով հանդիպում են դժվարությունների։ Ադրբեջանցիները հրաժարվում են համագործակցել հայկական կողմի հետ, և նման դեպքերում հայկական կողմը Կարմիր Խաչի միջոցով է տեղեկություններ ստանում սահմանի մյուս կողմում հայտնված քաղաքացիների մասին։

XS
SM
MD
LG