Մատչելիության հղումներ

Նախագծի քննարկումներն առայժմ արտացոլում են «սոսկ իշխանության և ընդդիմության պայքարը»


Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը և ռեժիսոր Ռուբեն Բաբայանը քննարկում են սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 10-ը նոյեմբերի 2015թ․
Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը և ռեժիսոր Ռուբեն Բաբայանը քննարկում են սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 10-ը նոյեմբերի 2015թ․

Երևանի Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի տպավորությամբ՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները արտացոլում են իշխանության և ընդդիմության պայքարը և ոչ թե առաջարկված նախագծի էությունը:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ «Հայելի» ակումբում այսօր բանավեճի էին հրավիրվել Երևանի Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և «Անդին» գրական-մշակութային հանդեսի գլխավոր խմբագիր, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանը:

Բանավեճ՝ որպես այդպիսին, չեղավ, քանի որ, եթե Մերուժան Տեր-Գուլանյանը հստակ որոշել է կողմ քվեարկել, ապա Ռուբեն Բաբայանն առայժմ չի կողմնորոշվել:

Բաբայանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները արտացոլում են իշխանության և ընդդիմության պայքարը և ոչ թե առաջարկված նախագծի էությունը․ - «Նախ, երբ լսում եմ իշխանական թևի ներկայացուցիչներին, որոնք քարոզում են «այո» ասել, միանգամից ուզում եմ «ոչ» ասել: Երբ լսում եմ ընդդիմադիրներին, որոնք քարոզում են «ոչ» ասել, ուզում եմ «այո» ասել: Որովհետև, կարծում եմ, խոսքը ոչ այնքան Սահմանադրության մասին է, այլ ավելի շատ ընտրության մասին: Այդտեղ տեղի կունենա իշխանափոխություն, չի տեղի ունենա իշխանափոխություն՝ ցավոք սրտի, սահմանադրական այս հանրաքվեն կամաց-կամաց վերածվում է մեզ մոտ ընտրության համակարգի՝ իշխանությա՞ն կողմն ես, թե՞ ընդդիմության: Եթե ընդդիմության կողմ ես՝ ոչ, եթե իշխանության կողմ ես՝ այո: Կարծում եմ, Սահմանադրության քննարկումը իրավունք չուներ այդ հունով գնալ», - ասաց Ռուբեն Բաբայանը:

Մերուժան Տեր-Գուլանյանը համոզված է, որ աշխարհում լավ ու վատ սահմանադրություններ չկան․ - «Սահմանադրությունը եթե աշխատում է, ուրեմն լավ Սահմանադրություն է: Եթե Սահմանադրությունը ընդունում ենք, և կիսով է աշխատում, ուրեմն ավելի լավ է չընդունել, չփոփոխել: Բայց ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պիտի տեր կանգնի իր երկրին, իր ժողովրդին, իր պետությանը»:

Նշելով, որ ինքն իրավաբան չէ՝ Տեր-Գուլանյանը, այդուհանդերձ, ասաց, որ իր համար խորհրդարանական կառավարման երկրների օրինակ են Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Գերմանիան․ - «Իմ մեջ տագնապներ կային, և այդ տագնապները ես լուծեցի հետևյալ ձևով․․․ ունենալով աչքի առաջ Իսրայելի տարբերակը, որն ըստ էության պատերազմի մեջ երկիր է: Բայց ինքը կարողանում է ոչ միայն պահպանել երկիրը, այլև մեծացնել»:

Ռուբեն Բաբայանն ասաց, որ եթե իրականություն դառնան մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատ կամարտահայտմանն ուղղված հիմնադրույթները, ապա մենք կապրենք նորմալ երկրում․ - «Եթե այդ բոլոր կետերը պահպանվեն, հավատացեք՝ բացարձակապես նշանակություն չի ունենա, թե դա պառլամենտակա՞ն երկիր է, թե՞ նախագահական: Այստեղից է պետք սկսել: Պատրա՞ստ է արդյոք իշխանությունը կամ ընդդիմությունը սևեռվել այդ կետերի վրա, պատրա՞ստ է արդյոք հանրությունը պահանջել հենց այդ կետերի կատարումը առաջին հերթին․․․ Այդ ժամանակ մենք կունենանք նորմալ երկիր, որտեղ պահպանված կլինեն յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները»:

Ամփոփելով՝ Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց․ - «Տագնապներ ունեի, որոնք ինքս իմ մեջ հաղթահարեցի Սահմանադրության տեքստը կարդալուց հետո»:

«Անկեղծորեն ասած՝ ես կգերադասեի, որ ամբողջ Սահմանադրությունը մի փաթեթով չդրվեր, դրվեր գլուխ առ գլուխ: Նախ դա կստիպեր յուրաքանչյուրին ուսումնասիրել՝ ինչի համար է քվեարկում․․․ Որովհետև այսօր մենք չենք խոսում Սահմանադրության հանրաքվեի մասին, մենք խոսում ենք իշխանությանը հավանություն տալու կամ իշխանության դեմ դուրս գալու մասին: Սա Սահմանադրության քննարկում չէ»:

XS
SM
MD
LG