Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ընդդեմ դոպինգային մեղադրանքների


Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն և բրոնզե մեդալակիր՝ ռուսաստանցի մարզուհիներ Մարիա Սավինովա (ձախից) և Եկատերինա Պոիստոգովա, 11-ը օգոստոսի, 2012թ․

Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն և բրոնզե մեդալակիր՝ ռուսաստանցի մարզուհիներ Մարիա Սավինովա (ձախից) և Եկատերինա Պոիստոգովա, 11-ը օգոստոսի, 2012թ․

Հակադոպինգային համաշխարհային գործակալության զեկույցի հիմքում սեփական հետաքննությունն է:

Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը Թեթև ատլետիկայի միջազգային ընկերակցությանը հորդորել է հեռացնել Ռուսաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիային՝ պարբերաբար խթանիչներ օգտագործելու հետևանքով:

Գործակալության անկախ հանձնաժողովը հորդորել է Ռուսաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիային անհապաղ տալ հակադոպինգային կանոնները խախտող կազմակերպության կարգավիճակ: Մասնավորապես, հանձնաժողովը հորդորում է ցմահ որակազրկել 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Մարիա Սավինովային և բրոնզե մեդալակիր Եկատերինա Պոիստոգովային:

Ըստ հանձնաժողովի զեկույցի, Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տնօրեն Գրիգորի Ռոդչենկովն անցյալ դեկտեմբերին հանձնաժողովի անդամների ժամանելուց երեք օր առաջ ոչնչացրել է դոպինգի ավելի քան 1400 նմուշ: Այդ նմուշները, ըստ հանձնաժողովի, պետք է կրկնակի փորձաքննության ենթարկվեին այլ լաբորատորիաներում:

Գործակալության զեկույցում նշված է, որ անհրաժեշտ է լիցենզիայից զրկել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիան, քանի որ «այն չի կարող աշխատել անկախ»:

Երեկ Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ այս տեղեկություններն է հրապարակել Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը:

«Հնարավոր է՝ մենք գործ ունենք խորհրդային համակարգի ժառանգության հետ», - ասել է անկախ հանձնաժողովի նախագահ Դիք Փաունդը: Նրա խոսքով, կա կասկած, որ Ռուսաստանում գործում է դոպինգային ծրագիր՝ կառավարության աջակցությամբ: Փաունդը կարծիք է հայտնել, որ այդ մասին չէր կարող չիմանալ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:

Մուտկոն, իր հերթին, Հակադոպինգային համաշխարհային գործակալության գրավոր հարցմանը բացասական պատասխան է տվել՝ հերքելով իր հասցեին հնչող մեղադրանքները: Նա նաև պնդել է, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, որ խթանիչներ օգտագործելու հարցում միջամտություն է ցուցաբերել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը:

Երեկ Վիտալի Մուտկոն Հակադոպինգային գործակալության մեղադրանքներին հակադարձելով սպառնացել է․ - «Եթե պետք է փակել այդ ամբողջ համակարգը, ապա մենք հաճույքով կփակենք»: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նա ավելացրել է, թե Ռուսաստանը կարող է դադարեցնել հակադոպինգային ծրագրերի ֆինանսավորումը: «Միայն կխնայենք փող», - բացատրել է Մուտկոն և իրավիճակը ներկայացրել իբրև Ռուսաստանի դեմ ուղղված քայլ՝ հեգնելով․ - «Բայց մենք ինչ էլ որ անենք, ամեն ինչ վատ է»:

Ավելի վաղ արդեն հրապարակվել էր պայմանը, ըստ որի՝ եթե հաստատվի, որ ապօրինի է Ռուսաստանի թեթև ատլետիկայի ազգային ֆեդերացիայի գործունեությունը, երկրի քաղաքացի հանդիսացող մարզիկները չեն կարող մասնակցել 2016-ի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին:

Հակադոպինգային համաշխարհային գործակալության զեկույցի հիմքում սեփական հետաքննությունն է: Մոտ մեկ տարի առաջ գերմանական հեռուստատեսությամբ ցուցադրվել էր ֆիլմ, որը պատմում էր, թե ինչպես են ռուսաստանցի մարզիկները զանգվածաբար օգտագործում խթանիչներ: Ֆիլմի հեղինակները մեղադրում էին նաև Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիային՝ ռուսաստանցի մարզիկների խթանիչներ օգտագործելու փաստերը թաքցնելու մեջ:

XS
SM
MD
LG