Մատչելիության հղումներ

Կատալոնիայի խորհրդարանը անկախության գործընթաց է սկսում


Իսպանիա - Կատալոնիայի անկախացման կողմնակիցները Բարսելոնայի կենտրոնում հանրահավաքի ժամանակ, սեպտեմբեր, 2015թ․

Իսպանիա - Կատալոնիայի անկախացման կողմնակիցները Բարսելոնայի կենտրոնում հանրահավաքի ժամանակ, սեպտեմբեր, 2015թ․

Երկրամասի նորընտիր խորհրդարանը որոշել է 30 օրվա ընթացքում սկսել Անկախ Կատալոնիայի Սահմանադրության մշակման աշխատանքները:

Կատալոնիայի նորընտիր խորհրդարանը սկսել է Իսպանիայից երկրամասի անկախանալու գործընթացը: Անկախության օգտին հանդես եկող կուսակցության բոլոր 72 պատգամավորները, որոնք խորհրդարանում մեծամասնություն են կազմում, որոշում են կայացրել 30 օրվա ընթացքում սկսել Անկախ Կատալոնիայի Սահմանադրության մշակման աշխատանքները:

Մայր օրենքն ընդունելուց հետո շրջանը պաշտոնապես կհռչակի իր անկախությունը: «Կատալոնական խորհրդարանը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ժողովրդական գործընթացի միջոցով խաղաղ ճանապարհով իսպանական պետությունից անջատվելու համար», - ասվում է փաստաթղթում, որը ենթադրում է, որ առաջիկա 18 ամիսների ընթացքում պետք է կյանքի կոչվի Իսպանիայի կազմից դուրս գալու «ճանապարհային քարտեզը»:

Իր հերթին, Իսպանիայի կառավարությունը խոստանում է արգելափակել «ճանապարհային քարտեզը»: Կատալոնական խորհրդարանի ընդունած փաստաթուղթը ենթադրում է նման սցենար, որի համար նախապես ընդգծում է՝ ժողովրդական ճանապարհով անջատումը կախված չի լինի իսպանական պետության ինստիտուտների որոշումներից:

Անջատականների գործողություններին Իսպանիայի կառավարությունն առայժմ իրավական լծակներով է սպառնում․ ըստ Իսպանիայի օրենսդրության՝ Սահմանադրական դատարանն իրավունք ունի չեղյալ հայտարարել անկախության հռչակումն ու անջատականության մեղադրանքով պատասխանատվության ենթարկել ցանկացած անձի, այդ թվում՝ անձեռնմխելիություն ունեցող:

Կատալոնիայի խորհրդարանում քվեարկությունից անմիջապես հետո Իսպանիայի կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել, որից հետո երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, թե Կատալոնիան Իսպանիայից ոչ մի տեղ էլ չի գնալու, և ինքը թույլ չի տա, որ երկիրը պառակտվի: Հեռուստատեսությամբ հանդես գալով՝ նա նաև հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը բողոքարկելու է կատալոնական խորհրդարանի որոշումը Իսպանիայի Սահմանադրական դատարանում, որը մի քանի անգամ արդեն չեղյալ է հայտարարել Կատալոնիայի իշխանությունների՝ անկախանալու մասին որոշումները:

Կատալոնիայի 7.5 միլիոն ազգաբնակչությունը կազմում է Իսպանիայի բնակչության 16 տոկոսը: Այս երկրամասը արդյունաբերական առումով Իսպանիայի ամենազարգացած հատվածն է: Կատալոնացիները դժգոհում են, մասնավորապես, որ իրենց երկրամասը, լինելով երկրի ամենահարուստ շրջանը, տուժում է Իսպանիայի տնտեսական ճգնաժամի հետևանքով:

XS
SM
MD
LG