Մատչելիության հղումներ

Կոթիից անհետացած տարեց կնոջ մասին Հայաստանում դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա


Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյան, արխիվ

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյան, արխիվ

Երեկվանից սահմանամերձ Կոթի գյուղում անհետացած 77-ամյա Լուսինե Աբովյանի մասին Հայաստանում դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա, չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ կինը երեկ հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու ձերբակալվել Ղազախի տարածքում։

«Հայաստանի քաղաքացու նկատմամբ միջազգային իրավունքին համապատասխան վերաբերմունք է ցուցաբերվում: Պատշաճ ընթացակարգերից հետո նա կհանձնվի հակառակ կողմին», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ չեն կարող այս մասին հայտարարություն անել, քանի դեռ ոստիկանությունը չի ավարտել որոնողական աշխատանքները։

Մինչդեռ 77-ամյա կորած կնոջ հարազատներն ավելի քան մեկ օր փնտրելուց հետո համոզված են՝ տարեց կինը Ադրբեջանի տարածքում է։ Ինչպես «Ազատությանը» հայտնեց Լուսինե Աբովյանի որդին՝ Արբիկ Աբովյանը, կինը երեկ կեսօրին գնացել է մորաքրոջ տուն, որը գյուղի ծայրամասում է գտնվում։

«Գնացել էր պանիր առնելու, 12-ին գնացել է, 1։30-ից դուրս է եկել, մինչև ժամը 5-ը սպասել է ամուսինը, չի եկել, զանգել է ինձ, դուրս եմ եկել, գնացել, ման եմ եկել, ոչ մի բան...»,- պատմեց որդին։

Արբիկ Աբովյանը պնդեց, որ մայրն առողջական խնդիրներ չի ունեցել։ Հաճախակի հյուր է գնացել մորաքրոջը, իր ծանոթ ճանապարհն է եղել։

«200 մարդով սաղ գիշեր ման ենք եկել, էսօր ման ենք եկել, ոչ մի բան, մոտը սումկա է եղել, դա էլ չկա, որ ասես՝ մի նշան լինի, ոչ մի բան պարզ չի՝ ինքն ա ճամփին շաղվել, թե էն կողմից են եկել բռնել-տարել»։

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն իր հերթին քիչ հավանական է համարում ադրբեջանական դիվերսիան՝ նշելով, թե այդ հատվածում սահմանի պաշտպանությունն ամուր է։ Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները գյուղ են այցելել։ Կոմիտեի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Ազատությանն» ասաց, որ իրենք՝ որպես անկախ միջնորդ, չեն կարող կոնկրետ գործողություններ ձեռնարկել տարեց կնոջ հայրենադարձության ուղղությամբ, քանի դեռ երկու պետություններից պաշտոնապես չեն հաստատել նրա՝ Ադրբեջանի տարածքում գտնվելու մասին տեղեկատվությունը։

Նշենք, որ վերջին տարիներին մի շարք դեպքեր են արձանագրվել, երբ Հայաստանի քաղաքացիները գերեվարվելուց հետո խոշտանգումների են ենթարկվել։ 2010-ին 20-ամյա Մանվել Սարիբեկյանի՝ գերության մեջ հայտնվելուց մեկ ամիս անց ադրբեջանական կողմը հայտարարեց նրա ինքնասպանության մասին։ Անցած տարի գերի ընկնելուց ընդամենը մեկ օր անց ադրբեջանցիները տեղեկացրին Չինարի գյուղի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան մասին։ 77-ամյա Մամիկոն Խոջոյանն էլ վերադարձավ խոշտանգումների հետքերով։

XS
SM
MD
LG