Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչին, ըստ նրա, նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը, որոնց շրջանակներում ընթացիկ տարում Երևանում և Մոսկվայում կայացել են ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հետևողականորեն զարգանում է համագործակցությունը տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում: Վերջին մեկուկես տարվա ընթացքում իրավապայմանագրային բազան հարստացել է գրեթե երեք տասնյակ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային փաստաթղթերով, ինչը, ըստ նրանց, վկայում է երկկողմ օրակարգի հագեցվածության մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում:

«Արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ նախագահին է փոխանցել ՌԴ նախագահի ջերմ ողջույնները և ընդգծել, որ Վլադիմիր Պուտինը հետևողական է հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Սերգեյ Լավրովը ևս գոհունակությամբ է փաստել բոլոր ուղղություններով հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության արդյունքում արձանագրված առաջընթացն ու դինամիկ զարգացող հարաբերությունները նաև ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում: Հայաստանի լիիրավ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, նրա համոզմամբ, անշուշտ, դրական ազդեցություն կունենա տնտեսական հարաբերությունների առավել խորացման ու զարգացման տեսանկյունից»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG