Մատչելիության հղումներ

logo-print

Չարենցավանի քաղաքապետը պնդում է, թե չի օգտագործվում վարչական ռեսուրսը


Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:

Մինչդեռ Չարենցավանից «Ազատությունն» ահազանգ էր ստացել, թե սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու համար քաղաքապետարան են հրավիրվում պետական հիմնարկների աշխատակիցները:

Ահազանգի հետքերով Չարենցավան մեկնած «Ազատության» թղթակցի հետ զրույցներում քաղաքի դպրոցների աշխատակիցներից շատերը, նշելով, թե հպանցիկ են ծանոթ սահմանադրական փոփոխություններին, այդուհանդերձ ասում էին, որ հակված են կողմ քվեարկելուն: Նրանք նաև փոխանցեցին, որ իրենց հետ զրույցներ են անցկացվել՝ բացատրելով, թե ինչու պետք է կողմ քվեարկել:

«Մտածում եմ, որ մտավորականությունը երևի թե մեծամասնությամբ կողմ կքվեարկի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

Մանկապարտեզների, հիվանդանոցի ու տեղի «Ջրմուղ կոյուղու» աշխատակիցները պնդեցին, որ քաղաքապետարանից այս թեմայով իրենց հետ ոչ ոք չի խոսել, բայց փոփոխություններին դրական են տրամադրված, իսկ «Ոչ»-ի քարոզը չեն ընդունում:

«Ընդդիմության համար կարող է լավ չլինի: Մեզ համար, կարծում եմ, լավ կլինի», - «Ազատությանն» ասաց նրանցից մեկը:

Հիվանդանոցի բուժքույրերից մեկն ասաց, թե կարծում է, որ իր շրջապատի մարդիկ կողմ կքվեարկեն․ - «Ժողովրդի կյանքը կբարելավվի»:

Իսկ ջրմուղի աշխատակիցներից մի կին ասաց, որ թեև ծանոթ չէ փոփոխություններին, բայց կողմ է քվեարկելու: Թե ինչու՝ հրաժարվեց ասել:

Դպրոցների բակերում մեզ առանձին հանդիպած հատուկենտ աշխատակիցներն ասացին, որ դեմ են քվեարկելու: Նրանցից մեկը համաձայնեց դիտարկմանը, որ փոփոխությունները իշխանության վերարտադրման նպատակ են հետապնդում․ - «Այո, միանշանակ: Ես «ոչ» եմ ասելու»:

«Բոլորն են այդպես կարծում», - հավելեց մեկ այլ չարենցավանցի կին: - «Ոնց տեսնում եմ, դրական փոփոխություն չի լինի»:

Իսկ տնօրենների ներկայությամբ բոլորը խուսափում էին տեսախցիկից:

Չարենցավանցի 22 հազար ընտրողներից շուրջ 300-ն են քաղաքապետարանի ենթակայության աշխատողներ:

«Այո»-ի կողմնակից, ՀՀԿ-ական քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը հերքում է, թե նրանց հորդորել կամ ստիպել է կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին:

Նա պնդում է, որ իր համաքաղաքացիների զգալի մասը առայժմ անգամ հետաքրքրված չէ այս հարցով: Հիշեցրեց, որ օրեր առաջ ընդդիմությունն իրենց քաղաքում «Ոչ» էր քարոզում՝ ասելով, թե «քիչ ժողովուրդ էր հավաքվել»:

«Ազատության» հետ զրույցում Շահգալդյանն ասաց, որ աշխատանքային ժամերից հետո իր մեծ թիմով լծվելու է «Այո»-ի քարոզին: Նա գիտի, թե կոնկրետ ինչու է «այո» քվեարկելու․ նրա կարծիքով՝ դատարաններն ու ԱԺ-ն ավելի անկախ կլինեն, նաև ուրախ է, որ մեծամասնականով պատգամավոր այլևս չի ընտրվելու, և որ օլիգարխները խորհրդարանում չեն հայտնվելու:

«Կազատվենք նախագահական ընտրություններից: Էլ չի լինի էդ աժիոտաժը, չի լինի լարվածությունը մարդկանց մեջ», - եզրափակեց Չարենցավանի քաղաքապետը:

XS
SM
MD
LG