Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. «Փորձում են վարկաբեկել, թե մի գլխավոր բոբո կա և նրանից պիտի ազատվել»


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

Անդրադառնալով այն պնդումներին, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխող Հանրապետականը և Սերժ Սարգսյանը ցանկանում են վերարտադրվել, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձում է՝ թե՛ գործող և թե՛ փոփոխված Սահմանադրությամբ, միևնույն է՝ իշխող կուսակցությունը շահեկան դիրքերում է լինելու:

«Եթե խոսքը վերաբերում է Հանրապետականին, ցանկացած դիրքում էլ շահեկան պայմաններում այսօր Հանրապետականն է՝ թե՛ նույնը թողնելով, թե՛ լրիվ նախագահականով»,- ասաց Սահակյանը։

- Ուզում եք ասել՝ միևնույն է՝ դուք եք հաղթելու։

- Դա հաղթանակ չէ, դա արդյունքների ձեռքբերում է։ Հետո փորձում են վարկաբեկել՝ իբրև թե մի գլխավոր բոբո կա հանրապետությունում և նրանից պիտի ազատվել։ Ես էլ ասում եմ՝ ցույց տվեք որևէ մեկին, որը կենսագրական այնպիսի արարումներ ունենա՝ դերակատարման ընթացքում, ասում են՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Դեմ չեմ, նրանք էլ բավականին դերակատարում են ունեցել և կարող էին ունենալ։ Բայց եկեք տեսեք, որ այս պահին նրանք էլ համապատասխան թիմ չունեն։ Ուրիշ որևէ մեկի անունը տվեք։

- Ստացվում է, որ Հանրապետականի դեմ խաղ չկա՞։

- Ո՛չ, Հանրապետականի դեմ միշտ խաղ կա։

- Բայց ասում եք՝ այլ թիմ չկա, քան Հանրապետականը։ Արդյոք Հանրապետականի մեղքը՞ չէ, որ այլ կարող ուժեր չկան։

- Եթե պիտի մտածեք, որ Հանրապետականի մեղքն այն է, որ ուժեղ է, որ ավելի տարածված է, որ ավելի ժողովրդի մեջ է, ես այդտեղ դրական բան եմ տեսնում։

- ՀՀԿ-ի իշխանությունը չի՞ փոշիացրել ընդդիմադիր դաշտը։

- Ո՛չ։

- Ինչո՞ւ այդ դեպքում հեռացրեցիք Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից։

- Բայց քաղաքական պրոցեսները էնպիսին են՝ եթե քաղաքական ուժերը տեսնում են ինչ-որ վտանգներ կան, արդեն հակասահմանադրական կոչերի պայմաններում պիտի ընթանա, բնականաբար...

- Ծառուկյանը հակասահմանադրական հայտարարություննե՞ր էր արել, պարո՛ն Սահակյան։

- Ես կարծում եմ՝ վերջին իր հանրային ընկալումները և ներդնելը, վերջին կոչերը, միգուցե դա կարելի էր համարել հրապարակախոսական կոչ, բայց ասում էր՝ «եթե՝ եթե, ուրեմն՝ այսպես», և այդտեղ ոչ միայն պիտի մեղադրել Ծառուկյանին, որ անընդհատ շոշափում եք, էդտեղ կար Լևոն Տեր-Պետրոսյանի մատը, էդտեղ այնքան մատներ կային, որոնք փորձում էին օգտագործելով Գագիկ Ծառուկյանի ստեղծած ուժը՝ ինչ-որ իրենց հաշվեհարդարային ընթացքը ապահովել։

- Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է վերադառնալ քաղաքականություն. պարզվեց, որ նա որևէ խախտում չի արել, որևէ հանցագործություն չի կատարել։ Թույլ տալի՞ս եք։

- Այսինքն հիմա պիտի գուշակություններ անենք... մենք չենք թույլ տվողը, ես այն ծավալները ցույց տվեցի, թե ովքեր էին ուզում Գագիկ Ծառուկյանի միջոցով որևէ խնդիր լուծել։ Չկա Գագիկ Ծառուկյանը՝ բոլորը մարաղ մտան։

- Այսինքն դուք Ծառուկյանի միջոցով փորձեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի դե՞մ պայքարել։

- Ո՛չ, մենք մեր հայտարարությունն արեցինք, որ չենք թողնելու հակասահմանադրական որևէ թիմի գործողություն։

-Ո՞րն էր այդտեղ հակասահմանադրականը։

-Այն, որ «արյուն կթափենք, ուզում եք՝ արյուն թափենք»։

Արձագանքելով Գալուստ Սահակյանի այս պնդումներին՝ «Բարգավաճ Հայաստան»-ի նախկին առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը փոխանցեց «Ազատության»-ը. - «Երբևէ որևէ հակասահմանադրական կոչ Գագիկ Ծառուկյանը չի արել»։

Ծառուկյանը անցած տարի հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում ունեցած իր վերջին ելույթում ասել էր, թե «դեմ են մայդաններին, բայց դրա այլընտրանքը չպետք է լինի լճացումն ու իշխանությունների՝ ամեն գնով վերարտադրությունը»։

«Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը, ճանապարհը հստակ է՝ ամենասեղմ ժամկետում գնալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ վերացնելով մեծամասնական ընտրակարգը, գնալ ընտրությունների: Սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից։ Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա փողոցում և հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ։ Մեր գործը արդար է», - ասել էր «Բարգավաճ Հայաստան»-ի այժմ նախկին առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG