Մատչելիության հղումներ

Վայոց Ձորում տարեց կանանց սպանության գործով կալանավորվել է երկրորդ դեռահասը


Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի և Գոհար Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել են նոր հանգամանքներ. տարեց կանանց սպանությանը դրդելու մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ անչափահասի:

«Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ս.Զ.-ն համոզելու միջոցով դրդել է համաքաղաքացի, անչափահաս Ն.Խ.-ին ապօրինաբար կյանքից զրկել Եղեգնաձոր քաղաքի բնակչուհի Վարդուշ Սիմոնյանին և Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակչուհի Գոհար Բարսեղյանին և հափշտակել նրանց ոսկյա ականջօղերը», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ապա Քննչական կոմիտեն մանրամասնում է․ - «Նախնական քննության տվյալներով՝ Եղեգնաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ս.Զ.-ն 2015 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-13:00-ի սահմաններում, Ն.Խ.-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, գնացել է Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող Վարդուշ Սիմոնյանի առանձնատուն, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում գտնվող Գոհար Բարսեղյանի տուն: Ըստ դերաբաշխման՝ Ն.Խ.-ն մտել է տարեց կանանց տուն, իսկ Ս.Զ.-ն հսկել է դրսում: Վարդուշ Սիմոնյանից և Գոհար Բարսեղյանից հափշտակված ոսկյա ականջօղերը նրանք հետագայում վաճառել են ոսկու առուվաճառքով զբաղվող կետերում, իսկ վաճառքից ստացված գումարը՝ տնօրինել երկուսով»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում գտնվող տան բակում հայտնաբերվել էր նույն տան 91-ամյա բնակչուհի Վարդուշ Սիմոնյանի դին, իսկ հոկտեմբերի 24-ին նույն մարզի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում՝ այդ գյուղի 76-ամյա բնակչուհի Գոհար Բարսեղյանի դին: Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում 16-ամյա Ն.Խ.-ն խոստովանական ցուցմունք էր տվել, որ Բարսեղյանին ևս ինքն է սպանել: Նոյեմբերի 2-ին քրեական գործերը միացվել են մեկ վարույթ, և Ն.Խ.-ին մեղադրանք առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 8-րդ կետերով՝ «շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն»:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նոյեմբերի 4-ին Ս.Զ.-ն ձերբակալվել է, իսկ նոյեմբերի 7-ին՝ ներգրավվել որպես մեղադրյալ. նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով` «հանցակցություն շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանությանը»: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` Ս.Զ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG