Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանության և ԱՎԾ-ի տվյալները չեն համընկնում. Ընտրողների թիվը չափահասների թվից մեծ է


Ընտրողները ստուգում են իրենց անունները ընտրացուցակում, արխիվ

Ընտրողները ստուգում են իրենց անունները ընտրացուցակում, արխիվ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից 30 օր առաջ Ոստիկանության հրապարակած ընտրողների ընդհանուր թիվը 270 հազարով ավելի է Հայաստանում չափահաս, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվից:

Այսպես, հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցողների թիվն է 2 միլիոն 554 հազար, մինչդեռ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում 18 տարին լրացած բնակչության թիվը 2 միլիոն 283 հազար է։ Ընդ որում, խոսքը ոչ թե առկա բնակչության, այլ՝ մշտական բնակվողների մասին է, որը ներառում է նաև երկրից ժամանակավորապես բացակայողներին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին այս իրավիճակն արտառոց է թվում։

«Մենք ունենք խնդիր թվերի հետ, և որևիցե մարմին՝ թե՛ ԱՎԾ-ն, թե՛ Ոստիկանությունը, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է տրամաբանական պատասխան տան՝ ինչով է պայմանավորված պաշտոնական տարբեր աղբյուրների կողմից հրապարակված թվերի միջև այդ ակնհայտ հակասությունը։ Որովհետև մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ըստ նպատակահարմարության թվերի հետ ինչ-որ շարժ է տեղի ունենում»,- ասաց իրավապաշտպանը։

Կրկին ըստ Ոստիկանության ներկայացրած թվերի՝ 2008-ի նախագահական ընտրություններից մինչև 2015-ի հանրաքվե, Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն ավելացել է 226 հազարով՝ չնայած այն բանին, որ զուգահեռ նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է, մասնավորապես, չափահասների թիվը պակասել է 54 հազարով։

«Նույնիսկ ընտրողների թվի աճը բնակչության թվի ոչ համարժեք աճի կամ ընդհանրապես աճի բացակայության պարագայում ուղղակի անհեթեթություն է»,- ասում է Սաքունցը։

Իրավապաշտպանը բերում է Վանաձորի օրինակը։ Այնտեղ էլ 2008-ից ի վեր քվեարկողների թիվը ընտրությունից ընտրություն ավելացել է.- «Վանաձոր քաղաքում տեսնում ենք, որ դպրոցականների թիվը 2006-2012 թվականների ընթացքում 45 տոկոսով կրճատվել է։ Այսինքն՝ դրանք այն երեխաներն են, որոնք պետք է ընդգրկվեն [ընտրացուցակներում], 2006, 2007 թվականի աշակերտների մի մասը պետք է ընտրողներ դառնան։ Եթե նրանց թիվը նվազում է, ընտրողների թիվն էլ պիտի նվազի, չի կարող ընտրողների թիվը այլ տեղից ավելանա»։

Ոստիկանությունը ընտրացուցակներում 200 հազար քաղաքացիների ավելացումը այսպես է բացատրում. 2008-ից թոշակ կամ որևէ սոցիալական օգնություն ստանալու համար պարտադիր է դարձել որևէ հասցեում գրանցված լինելը, ինչից հետո տարբեր հասցեներում գրանցումների թիվը զգալիորեն ավելացել է։

«95-ին, 96-ին կամ 2000-ին, 2005-ին կարող էիք անձնագիր ստանալ առանց հաշվառման, բայց հետո լրացել է անձնագրի վավերականության ժամկետը, հետո մարդիկ ուզեցել են սոցապ ծառայություններից օգտվել, ինչի պարտադիր պայման է անձի հաշվառում ունենալը»,- բացատրեց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության և Ոստիկանության ունեցած թվերի տարբերությանը, Բիչախչյանն ասում է՝ ընտրացուցակները կազմելիս իրենք հիմք են ընդունում բնակչության պետական ռեգիստրում գրանցված քաղաքացիների թիվը, որը կարող է տարբեր լինել ԱՎԾ-ի թվերից։

«Բնակչության ընտրողների ռեգիստրը ձևավորվում է ոչ թե Վիճվարչության տվյալների հիման վրա ձևավորվող ցուցանիշներից, այլ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Քանի դեռ օրենքը նման կանոնակարգում է տալիս, մենք ուրիշ ձևով չենք կարող ձևավորել [ընտրացուցակները]՝ Հայաստանից դուրս գտնվողներին հանել ցուցակներից կամ մտցնել ցուցակ։ Ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ անձին հանելու նախ բնակչության պետական ռեգիստրից, հետո՝ ընտրողների ցուցակից»,- ասաց Բիչախչյանը։

XS
SM
MD
LG