Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարի կնոջը վարկաբեկող հրապարակման փաստով քրգործ է հարուցվել


«Հայկական ժամ» կայքի խմբագիր Աննա Գևորգյան, Երևան, 7-ը նոյեմբերի, 2015թ.

«Հայկական ժամ» կայքի խմբագիր Աննա Գևորգյան, Երևան, 7-ը նոյեմբերի, 2015թ.

«Հայկական ժամ» կայքի խմբագրի կարծիքով, փորձ է արվում՝ «քրեական հոդվածով սեղմել լրագրողին, կաշկանդել նրա ազատ խոսքը»։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հաղորդման հիման վրա՝ Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ «Հայկական ժամ» կայքի հրապարակման վերաբերյալ՝ սուտ մատնության հատկանիշներով։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ այս կայքը հրապարակել էր հոդված այն մասին, թե նախարար Օհանյանի կին Ռուզաննա Խաչատրյանը 2002 թվականին մեքենա է վարել և հայտնվել մահվան ելքով պատահարի մեջ։ Սուտ մատնության քրեական հոդվածը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում։

«Հայկական ժամ» կայքի խմբագիր Աննա Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե գործը հասնի մեղադրանք առաջադրելուն, պատասխանատվություն կրելու է հեղինակը՝ լրագրող Ալիս Խեչոյանը, ոչ թե կայքը. - «Բայց արդեն էական չէ՝ լրագրողը կլինի պատասխանատուն, խմբագիրը կլինի։ Էությունը նա է, որ լրագրողին արդեն կաշկանդում են։ Ի՞նչ է նշանակում՝ քրեական հոդվածով սեղմել լրագրողին, կաշկանդել նրա ազատ խոսքը»։

Գևորգյանն ասաց, որ Խեչոյանը, ճնշումներին չդիմանալով, դադարել է լրագրությամբ զբաղվել և արդեն երկու ամիս է՝ խզել է կապերը իրենց խմբագրության հետ։

Պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռ այս տարվա մայիսին դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին՝ պահանջելով ներողություն խնդրել պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար։ «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանն այսօր «Ազատությանն» ասաց, թե իր թերթի դեմ վիրավորելու և զրպարտելու հատկանիշներով քաղաքացիական վարույթի առիթ դարձած հրապարակումը վերլուծական հոդված է, որը հիմնված է «Հայկական ժամի» հրապարակման վրա։

«Աբսուրդ է այդ քրեական գործի հարուցումը, էլ չասեմ, որ մամուլի կամ հասարակության նկատմամբ վախի մթնոլորտ ստեղծելու համար է նաև։ Օգտվել ենք իրենցից [«Հայկական ժամից»] և մեր հրապարակումը ընդամենը վերլուծական նյութ է, որի շուրջ դատարան դիմելը ուղղակի աբսուրդի ժանրից է, բայց թե մարդիկ որոշել են, դիմել են դատարան, մենք էլ դատարանում պաշտպանվում ենք», - նշեց Օհանյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ պաշտոնատար անձիք ավելի հանդուրժող պետք է լինեն իրենց մասին հրապարակումների հանդեպ և եթե ցանկանում են՝ պետք է հերքում պահանջեն կամ զրպարտելու և վիրավորելու համար փոխհատուցում։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան

«Կան շատ ավելի քաղաքակիրթ մոտեցումներ, որոնք թույլ են տալիս ինֆորմացիոն այդ վեճը լուծել, քան կիրառված մեթոդը։ Երբեք «սուտ մատնության» հոդվածը կիրառելը լրագրողի նկատմամբ չի կարող դիտվել որպես սովորական երևույթ, դա արտառոց երևույթ է, և կրկնում եմ՝ դա դիտարկվում է որպես ճնշում լրագրողի նկատմամբ», - նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

XS
SM
MD
LG