Մատչելիության հղումներ

Չուգասզյանին դարձյալ արգելում են դուրս գալ երկրից


Գարեգին Չուգասզյանը «Ազատության» տաղավարում, 10-ը մայիսի, 2015թ․
Գարեգին Չուգասզյանը «Ազատության» տաղավարում, 10-ը մայիսի, 2015թ․

Այս անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալից համաժողովի մասնակցության հրավեր ստացած գործիչը զգուշացնում է՝ «մեզ հետ են տանում դեպի խորհրդային ծուղակը»:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ղեկավար Գարեգին Չուգասզյանը բաց նամակ է հղել քննչական կոմիտեին և դատախազությանը, որում նշում է, թե միջազգային մի համաժողովի մասնակցելու հերթական հրավերն է ստացել, սակայն դրա հնարավորությունը դարձյալ չունի, քանի որ «դեռ ապրիլի 24-ի գործով նախաքննություն է ընթանում»։

Հիշենենք՝ Գարեգին Չուգասզյանը, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ու ՀԽ ևս երեք անդամներ ապրիլի սկզբին ձերբակալվել էին՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։

Հիմնադիր խորհրդարանի նախագահն ասում է, որ հրավերը ստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհան Քլոսից, սակայն Հայաստանի քննչական մարմինները իրեն երկրից դուրս թողնել չեն ցանկանում՝ պատճառաբանելով՝ երաշխիքներ չկան, թե ինքը նախաքննությունից չի թաքնվի։ «Հերթական անգամ խոչնդոտվում է իմ մասնագիտական գործունեությունը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Չուգասզյանը։

«Ամռանը հրավիրվել էի համաեվրոպկան տարեկան ամենախոշոր ժողովին, որ ինտերնետի կառավարման ոլորտում լինում է: Դրանից հետո, Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի անդամ եմ և նիստին նույնպես պետք է գնայի, նորից մերժում եղավ։ Ամբողջ անհեթեթությունը նրա մեջ է, որ իմ քաղաքական գործունեությունը հրապարակային գործունեություն է, և եթե պիտի թաքնվեի կամ փախչեի երկրից, շուտվանից փախած կլինեի»։

Քննչական կոմիտեի նախագահից և դատախազից «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահը պատասխան դեռ չի ստացել, սակայն նշում է, որ բաց նամակն ավելի շուտ ուղղված է Հայաստանի քաղաքացիներին։

«Ես կուզեի, որ երիտասարդությունը հասկանար, որ այս մարդիկ, որոնք այսօր հեղափոխությունից են խոսում, իբրև թե՝ վերևից արվող հեղափոխություն, ընդամենը փորձում են կայունացնել իրենց խանական համակարգը, երկիրը զոնայի վերածել և որոշել՝ ում ներս թողնել, ում դուրս թողնել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ոչ միայն հիմա դուրս չեն թողնում, այլև սկսել են ներս էլ չթողնել որոշակի մարդկանց, այսինքն ընտրություն են կատարում։ Եվ անգամ՝ եթե մենք առաջին դեպքերն ենք էդպիսի, պիտի հասկանալ, որ սա տարածվելու է ամբողջ բնակչության վրա»,- շարունակում է Չուգասզյանը։

Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների դեմ այս տարվա փետրվարին հարուցված գործը դեռևս կարճված չէ, և ընդդիմադիր այս գործիչները շարունակում են մնալ մեղադրյալի կարգավիճակում: «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի խոսքով, նախաքննությունն արհեստականորեն ձգձգվում է. չի վերադարձվում նաև գույքը, որն առգրավվել էր խուզարկությունների ժամանակ։

«Մեր ամբողջ գույքը, մի քանի ՀԿ-ների պատկանող գույքը, ՀԽ-ի գույքը, առանձին անձանց պատկանող գույքը, համակարգիչներ, բարձրախոսներ, դրոշակներ, պաստառներ, թռուցիկներ, մինչև հիմա առգրավված են և չեն վերադարձվում անհեթեթ պատճառաբանություններով, կամ առհասարակ առանց պատճառաբանության»,- ասում է Ավետիսյանը:

Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները քիչ հավանական են համարում, սակայն, որ ապրիլի սցենարը կրկնվի նաև դեկտեմբերին, և իրենք հայտնվեն ճաղերի ետևում։

«Այն կեղծ բարոյախրատությունը, ինչ-որ ապրիլի 24-ին փորձում էին մեր նկատմամբ իրականացնել, այդ նույն համատեքստը չկա այսօր, ընդհակառակը՝ մենք քարոզչական գործընթացի մեջ ենք և լիարժեքորեն մասնակցում ենք քարոզչությանը «ոչ»-ի ուղղությամբ: Բնականաբար, շատ ավելի դժվար է հիմա, բացի այդ, պետք է նկատի ունենանք, որ ժողովրդի տրամադրությունները, հակվածությունը, նաև փողոց դուրս գալու մոտիվացվածությունը շատ ավելի մեծ է»,- ասում է Ավետիսյանը:

Գարեգի Չուգասզյանը հավելում է․ «Մեզ հետ են տանում դեպի խորհրդային ծուղակը, միակուսակցական զոնան, բայց շատ ավելի վատ տարբերակով, և սահմանադրական այս դատարկ խոստումները, կախարդական նոր խոսքերը, թե ժողովրդավարություն պիտի հաստատվի, իրականում չեն համապատասխանում այսօրվա պրակտիկային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG