Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներն ուռճացված են համարում հրապարակված թիվը:

Ոստիկանության` այսօր հրապարակած տվյալների համաձայն, դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին ընտրելու իրավունք ունի Հայաստանում բնակվողների ավելի քան 80 տոկոսը՝ 2 միլիոն 554 հազար քաղաքացի։ Անձնագրային և վիզաների վարչության նորանշանակ պետի որակմամբ՝ ընդդիմադիրների պնդումները, թե ցուցակներն ուռճացված են, «միֆ է»։

«Ուռճացնել՝ նշանակում է օրենքի շրջանակներից դուրս միջոցներ ձեռնարկել: Եթե մենք ղեկավարվում ենք օրենքով սահմանված կարգով, չի նշանակում, որ մենք երևույթը ուռճացնում ենք», - հայտարարեց Մնացական Բիչախչյանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը, մինչդեռ, համադրելով հենց պաշտոնական տվյալները, պնդում է՝ ցուցակներում ընդգրկվածների թիվն ավելի է, քան բնակչության թիվը․ - «Կրթության և գիտության նախարարության տվյալներով, դպրոցներում սովորող աշակերտների թիվը տեսնում ենք 465 հազար: Վերցնում ենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված ծնունդների թիվը՝ ստանում ենք մոտավորապես 250 հազար: Դրան էլ գումարում ենք 450 հազար էն առկա տեղեկատվությունը, որ մենք ընտրելու իրավունք ունենք, օրինակ, 2.6 միլիոն․ ստացվում է, որ Հայաստանում կա շուրջ 3 մլն 350 հազարից ավել բնակչություն, ինչը իրականության հետ որևէ կերպ չի համապատասխանում: Որովհետև ԱՎԾ-ի տվյալներով, 3 միլիոնի կարգի բնակչություն ունենք մենք»:

Ոստիկանությունում նշում են, որ ընտրացուցակները կազմելիս հաշվի են առնում պետռեգիստրի տվյալները․ - «Ռեգիստրը կամ, ավելի պարզ լեզվով ասեմ՝ անձնագրային տվյալների համակարգը չի արտացոլում ֆիզիկական անձանց տեղաշարժը․ երկրից կարող են գնալ, կարող են վերադառնալ․․․ չի արտացոլվում, քանի դեռ մարդը մնացել է այնտեղ հաշվառված», - հակադարձեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:

Ոստիկանությունում ընտրացուցակների վերաբերյալ այսօրվա քննարկմանը ներկա էր նաև «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով, մատնանշելով ցուցակներում կրկնվող անուն-ազգանունների առկայությունը, պնդեց, որ նույնականացման քարտերով ընտրելու իրավունք տալով՝ ընտրակեղծարարության դուռ է բացվում, քանի որ այդ քարտերի վրա հաշվառման հասցե նշված չէ։

Ոստիկանության տվյալներով, կես միլիոն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներից 180 հազարը չունեն անձնագրեր։ Կրկնակի քվեարկությունից խուսափելու համար, Մարգարյանն առաջարկում է հրապարակել այն քաղաքացիների անունները, ովքեր քվեարկելու են նույնականացման քարտերով, կամ նրանց հին նմուշի անձնագրեր տրամադրել։

Ոստիկանությունն ընդունելի է համարում այդ տարբերակները՝ պնդելով, սակայն, որ ժամանակն ու միջոցները սուղ են, իսկ տվյալների կրկնությունն էլ շատ քիչ մաս է կազմում։

«Նույն անուն-ազգանուն-հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ՝ 218-ն են: Եթե կգտնեք դրանցից բացի այլ անձինք, խնդրեմ՝ ներկայացեք տեղեկատվությունը մեզ», - ասաց Հովհաննես Բիչախչյանը:

XS
SM
MD
LG