Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ական նախարարները նույնպես մասնակցելու են «Այո»-ի քարոզարշավին


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Իրենց պնդմամբ՝ բացառապես աշխատանքային ժամերից դուրս:

Երկրի վարչապետից ու մարզպետներից բացի, «Այո»-ի քարոզարշավին մասնակցելու են նաև ՀՀԿ-ական նախարարները․ իրենց պնդմամբ՝ բացառապես երեկոյան ժամը 6-ից հետո:

«Բնականաբար, ես ունեմ տարածք՝ դա Գեղարքունիքի մարզն է, իմ շատ հարազատ տարածքն է: Անպայման կլինեմ տարածքում շաբաթ, կիրակի օրը և անպայման կփորձեմ իմ հայրենակիցներին բացատրել նոր Սահմանադրության, կառավարման նոր ձևի անցման առանձնահատկությունները», - ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հանդիպումների ընթացքում Հրանուշ Հակոբյանը բացատրելու է, մասնավորապես, որ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է համակարգային փոփոխություններ, որպեսզի զարգացնի ժողովրդավարական գործընթացները, ընդդիմությանն ավելի մեծ հնարավորություններ տրվեն և երկրում հետընտրական առճակատումներ չլինեն:

«Ազատության» հարցին, թե ինչու են մարդիկ կասկածանքով վերաբերում նման բարի մտադրություններին, Հակոբյանը պատասխանեց․ - «Ես էլ, Ձեր նման, որպես քաղաքացի, հետևում եմ միտինգներին, «Ոչ»-ի միտինգներին: Խնդրում եմ ասեք՝ որտե՞ղ են այն ահռելի «ոչ»-երը, որ դուրս են եկել փողոց և պահանջում են չընդունել այս Սահմանադրությունը․․․ Ես չեմ ասում չկան․ իհարկե կան, բայց կրկնում եմ՝ խնդրում եմ ուսումնասիրեք և տեսեք․․․ քանի՞ մարդ է փողոց դուրս եկել և «ոչ»-ին պաշտպանել»:

«Ես համոզված եմ, որ բնակչության մեծամասնությունը «այո» է ասելու», - շարունակեց Սփյուռքի նախարարը: - «Համոզված եմ մի շարք պատճառներով: Որովհետև․․․ քաղաքական ուժերի դասավորությունը, կոնսոլիդացիան․․․ այսօր ի վերջո «ոչ»-ի կողմնակիցների խումբը, որ հավաքվել է, քաղաքական խումբը, շատ ավելի քիչ են, քան «այո»-ի կողմնակիցները»:

Հարցին, թե ինչու են Հայաստանի երկու նախկին նախագահները դեմ Սահմանադրության փոփոխությանը, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց․ - «Իրենց կարծիքն է․․․ Ամեն մեկը անցել է որշակի ժամանակահատված»:

«Այո»-ի քարոզարշավին անմասն չի մնա նաև կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Նա Կենտրոնական շտաբի անդամ է և անելու է, իր ձևակերպմամբ՝ մտավոր աշխատանք:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան

Աշոտյանի պարտականությունները, սակայն, քարոզարշավով չեն սահմանափակելու: Կրթության նախարարը, ով նաև Հանրապետականի փոխնախագահն է, ամեն ուրբաթ Հանրային հեռուստաընկերությամբ վարելու է «Եռանկյունի» քաղաքական հաղորդաշարը:

Նրա խոսքով՝ Հանրային հեռուստաընկերությունը քաղաքական նոր հաղորդումների կարիք ուներ, և ինքը չի մերժել արված առաջարկը:

Արդեն հաղորդավար Աշոտյանը, ով նաև երգահան է, խոստանում է, որ իր հաղորդման ընթացքում «սև ցուցակ» չի գործելու, հրավիրելու են բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր ասելիք ունեն:

Հարցին, թե ինչպես է նախարարը, իշխող քաղաքական ուժի փոխնախագահն ու «Այո»-ի շտաբի անդամը անաչառ և անկողմնակալ հաղորդում վարելու՝ քննարկման առարկա դարձնելով նաև սահմանադրական փոփոխությունները, Արմեն Աշոտյանն արձագանքեց․ - «Ես տարածական անձնավորություն եմ՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցնում կամ ինչ գործերով եմ զբաղված․․․ Ես բացառապես հեռուստահաղորդավար եմ ուզում լինել և այդ հաղորդման շրջանակներում այդ դերն եմ ինձ վերապահել՝ տալ ամենաանհարմար հարցերը բոլոր հյուրերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG