Մատչելիության հղումներ

logo-print

Գիշերը Ոսկեվանի ուղղությամբ կրակոցներ են հնչել


Գնդակոծված բեռնատարը՝ Բաղանիս - Ոսկեպար ճանապարհին։ Լուսանկարը՝ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից։

Գնդակոծված բեռնատարը՝ Բաղանիս - Ոսկեպար ճանապարհին։ Լուսանկարը՝ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից։

Գյուղապետի փոխանցմամբ՝ «մարդկային վնաս չկա»։

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանի փոխանցմամբ՝ գիշերը Ոսկեվանի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից կրակոցներ են հնչել։

«Գիշերը կրակոցներ եղել են, չենք բացառում, բայց այս պահի դրությամբ խաղաղ է: Այն, որ մարդկային վնաս չկա, դա փաստ է, բայց ասեմ, որ շինությունների վիճակը դեռ չգիտենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։

Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն էլ փոխանցեց, որ չնայած երեկ երեկոյան հնչած կրակոցներին՝ գիշերը Բաղանիսում հանգիստ է անցել։

«Գիշերն անցել է հանգիստ։ Կրակոցները եղել են երեկ՝ 19։30-ի կողմերը սկսեցին և մինչև 1-ը տևեցին։ Գյուղի ուղղությամբ էլ է եղել, նոր պետք է գնամ տեսնեմ՝ վնասի չափն ինչքան է։ Մարդիկ կան՝ նկուղներ ունեն պատրաստած, գիշերն էնտեղ են քնում, որովհետև ոչ ոք չգիտի, թե գիշերն ինչ կլինի», - ասաց Սահակյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն անընդհատ լարված է պահում սահմանը։

Հիշեցնենք, երեկ ժամը 16:30-ի սահմաններում Երևան - Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս - Ոսկեպար հատվածում ադրբեջանական կողմը բեռնատար մեքենա էր գնդակոծել։

«Բաղանիսի այդ հատվածը միջպետական ճանապարհի վրա է, անցած օրն էլ բեռնատարի վրա են կրակել, անվադողերն են ծակել, շարժիչն է շարքից դուրս եկել, վարորդն էլ ազգությամբ օսեթ է, բարեբախտաբար նա չի տուժել և որևէ վատ բան իր հետ չի եղել, մեր ժողովուրդը գնացել, նրան բերել է։ Չնայած դա միջպետական ճանապարհ է՝ մինչև Բաղանիս մտնելը, իրենց հենակետերից գնդակոծում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը։

XS
SM
MD
LG