Մատչելիության հղումներ

Վթարի ենթարկված ավտոբուսի 32 ուղևորները հատուկ չվերթով ժամանեցին Երևան


Տուլայի մարզում վթարի ենթարկված ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ.

Տուլայի մարզում վթարի ենթարկված ավտոբուսը, 3-ը նոյեմբերի, 2015թ.

Ռուսաստանի Տուլայի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածները կառավարությունից դրամական փոխհատուցում կստանան:

Տուլայի մարզում վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներից 32-ը այսօր հատուկ չվերթով ժամանեցին Երևան: Նրանցից 8-ը, որոնց վիճակը գնահատվել էր ծանր, շտապօգնության մեքենաներով տեղափոխվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: 8 զոհվածների աճյունները միանգամից տեղափոխվեցին դիահերձարան:

Հիշեցնենք, Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել նոյեմբերի լույս 3-ի գիշերը: Ավտոբուսում 61 ուղևոր կար:

Տուժածներից 12-ը շարունակում են մնալ Ռուսաստանի հիվանդանոցներում: Նրանք հիմնականում գանգուղեղային տրավմաներ, ողնաշարի, կողերի, կոնքի կոտրվածքներ, պատռված, բաց վերքեր, բաց կոտրվածքներ ունեն: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկն այսօր վիրահատվել է: Այս մասին տեղեկացրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ մեկնել էր Ռուսաստան:

Մուրադյանը նաև հաղորդեց, որ Ռուսաստանի առողջապահության նախարարը երեք ժամը մեկ տեղեկություններ է հաղորդում վիրավորների մասին:

«Մենք այսօր չենք կարող որակավորել՝ մեքենայի թարմությունի՞ց է վթարը եղել, մարդկային գործո՞նն է, թե՞ տեխնիկական ինչ-որ այլ խնդիրներ կան, դրա համար կոնկրետ մասնագիտական պատասխաններ ինձնից մի սպասեք», - ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նա ընդգծեց, որ մտահոգություն ունեն չարտոնված ուղևորափոխադրումներ իրականացնողների առնչությամբ․ - «Եթե մենք մտահոգություն չունենայինք, այսօր տրանսպորտի նախարարությունում պատրաստ չէր լինի օրենքը, որը հաջորդ հինգշաբթի կմտնի կառավարության նիստ և որոշում կընդունվի կառավարության կողմից Ազգային ժողով ուղարկելու համար: Օրենքը մի օրում չի գրվում: Եթե ես ասում եմ՝ օրենքը պատրաստ է, նշանակում է՝ մտահոգությունը տարուց ավել կա: Մենք չպիտի վախենանք և խստացման պետք է գնանք: Ավելի խիստ պետք է լինենք այն ոլորտներում, որտեղ հնարավոր է մարդկային զոհեր լինեն»:

«Մեզ մոտ նույնպես քրեական գործ է հարուցվել», - նշեց նախարարը:

Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ վթարի ենթարկված ավտոբուսի վարորդի առողջական խնդիրների մասին հարց չի բարձրացվել, նրան երեք օրով կալանավորել են, «որպեսզի պարզեն, թե ինչ մեղադրանք են առաջադրելու», իսկ վթարից տուժածներին կառավարությունը դրամական փոխհատուցում կտա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG