Մատչելիության հղումներ

ԵՄ-ի հետ նոր բանակցությունները կմեկնարկեն դեկտեմբերին


Ըստ փոխարտգործնախարարի, նախկինում կուտակած փորձն ու գիտելիքներն ամբողջովին կօգտագործվեն ԵՄ-ի հետ «ապագա բանակցությունների ընթացքում»:

Նոր համաձայնագրի շուրջ Հայաստան-Եվրամիություն բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն դեկտեմբերի սկզբին, այսօր հայտնեց փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

«Այս պահին քննարկվում է ձևաչափը, հիմա դժվար է կանխատեսել որևէ ժամանակացույց, ամեն ինչ կախված է բանակցությունների ինտենսիվությունից և բովանդակությունից: Քանի որ այն հիմնված է լինելու նախկինում ձեռք բերված առաջընթացի վրա, հուսամ, որ այս անգամ գործընթացը կլինի ավելի սահուն»,- ասաց փոխարտգործնախարարը:

Նրա խոսքով, հունվարից Հայաստանն ու Եվրամիությունը սկսելու են գործողությունների ծրագիր մշակել, որի իրագործման արդյունքում կհրաժարվեն վիզաներից: - «Գործողության ծրագիրը մենք մտադիր ենք իրականացնել հունվարից, բայց դա պետք է հանգեցնի վիզաների ազատականացման ռեժիմին», - նշեց Նազարյանը:

Թե որքան գումար են 2016 թ․ պետական բյուջեում նախատեսել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները նոր իրավական փաստաթղթում ամփոփելու համար, դեռ հայտնի չէ: Պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը պատասխանեց՝ երբ ամեն ինչ հստակեցվի, գումար կգտնեն:

Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հավելեց՝ առանձին տողով բանակցություններին գումար հատկացնելը վաղ է, մանավանդ, որ մեծ ծախսեր չեն ակնկալում: «Չեմ կարծում, որ նախատեսվում են մեծ թվով գործուղումներ կամ միջոցառումներ»,- ասաց Նազարյանը:

2016 թվականին Հայաստանը Եվրամիությունից ընդհանուր առմամբ 37 միլիոն եվրոյի դրամաշնորհ կստանա, որից 24 միլիոնը նախատեսված է որպես բյուջետային աջակցություն: Այսինքն՝ թե ինչպես ծախսել գումարը՝ կառավարությունը կորոշի: Իսկ 13 միլիոնը կոնկրետ ծրագրերի կուղղվեն, ասաց Պավել Սաֆարյանը․ - «13 միլիոն եվրոն նպատակային դրամաշնորհներ են, ի տարբերություն բյուջետային աջակցության դրամաշնորհի, սրանք տրվում են կոնկրետ նպատակներով, այսինքն՝ այլ ուղղությամբ սա հնարավոր չէ օգտագործել»,- պարզաբանեց Սաֆարյանը:

Մինչև 2013 թվականի՝ Հայաստանի կտրուկ շրջադարձը, ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի շուրջ գործընթացը փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը տապալված չի համարում: - «Նախկինում կուտակած փորձը, գիտելիքները ամբողջովին կօգտագործվեն ապագա բանակցությունների ընթացքում, այնպես որ այն, ինչ արվել է նախկինում, կորած չէ»,- վստահ է Նազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG