Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությունը արդեն արձանագրում է վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առել վերջին երկու համապետական ընտրություններից հետո Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հանձնարարականները, որոնք նպատակ ունեին կանխել ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահումները:

«Բնական է, որ երևի այսպես էլ պետք է լիներ, և նույն գործընթացները, որոնք տեղ են գտել 2012, 2013 թվականներին, նմանատիպ գործընթացներ նաև հիմա պետք է լինեին»,- ասում է Այվազյանը:

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական գործընթացում «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությունը արդեն արձանագրում է վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր, ինչի լավագույն ցուցիչը, ըստ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումն է «Այո»-ի շտաբի ղեկավար:

«Ինքն իր անձով արդեն իսկ երաշխավորում է և քրեական օլիգարխիկ ամբողջ էդ համակարգի, և վարչական ռեսուրսի կիառման բոլոր մանրամասն մեխանիզմները, և երաշխիք չենք կարող տեսնել, նույն տիպի ընտրություններ մենք կունենանք նաև այժմ, նույն տիպի հանրաքվե՝ բոլոր այդ ներկապնակով»,-ասում է Հովհաննիսյանը:

«Քաղաքացիական դիտորդ»-ի ներկայացուցիչները պնդում են, որ քարոզչության առաջին իսկ օրերին «Այո»-ի մարզային շտաբները ղեկավարող մարզպետները հանդիպումներ են ունեցել գյուղապետերի հետ և նրանց վրա դրել «այո» քվեի որոշակի թիվ ապահովելու պարտավորություն:

Հիշեցնեմ, որ երկու օր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խորհրդարանում հայտարարել էր, որ «այո»-ն իր մարզում կստանա այնքան քվե, որքան ինքը կորոշի:

Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի խոսքով, հենց վարչական ռեսուրսն է իշխանությունների հիմնական զենքը:

«Ամենավտանգավորը հենց վարչական ռեսուրսի չարաշահումն է, երբ վարչահրամայական այդ բուրգով, ուղղաձիգով, վերևից վար, մարդկանց հրեն, քշեն, զոռեն, գնացեք մտեք, քվեարկեք, կարևոր չի ինչպես կքվեարկեք, հետո թվերը կնկարեն, ձեր գործը չէ»,- ասում է Բարսեղյանը:

Ըստ նրա, վարչական ռեսուրսի կիրառում է նաև այն, որ փոփոխություններին դեմ հանդես եկողները մինչև օրս իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություններ չեն ունեցել:

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը նկատում է, որ նույնականացման քարտերով քվեարկելու հնարավորությունը վերջին պահին մտցնելը ոչ միայն բազմակի քվեարկության նոր ուղիներ է բացել, այլև դիտորդների ու ընտրողների մոտ շփոթմունք առաջացնելու խնդիր ունի:

«Որպեսզի անպատրաստ վիճակում կարողանան, էսպես ասած՝ տաք տաք, չուսումնասիրված, չձևավորված վիճակում, փոխել հօգուտ իրենց․․․»:

XS
SM
MD
LG