Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ից ապաստան հայցող ռուսաստանցիների թիվը՝ աննախադեպ բարձր վերջին 20 տարվա համար


Ռուսաստան - Ոստիկանությունը ձերբակալում է Pussy Riot փանք խմբի անդամներին Մոսկվայում բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

Ռուսաստան - Ոստիկանությունը ձերբակալում է Pussy Riot փանք խմբի անդամներին Մոսկվայում բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

Նման աճը միգրացիոն ոլորտի իրավաբանները կապում են Կրեմլի կողմից քաղաքական ճնշումների սաստկացման, ահագնացող կոռուպցիայի, խտրականության ու բռնությունների հետ:

Միացյալ Նահանգներում ապաստան ստանալու համար Ռուսաստանի քաղաքացիների նոր դիմումների թիվը 2015 թվականի ֆինանսական տարում աննախադեպ բարձր ցուցանիշ է արձանագրել վերջին երկու տասնամյակների համար:

Ինչպես վկայում են Միացյալ Նահանգների Անվտանգության դեպարտամենտից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ձեռք բերած տվյալները՝ սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարում ռուսաստանցիներից ստացվել է ապաստանի խնդրանքով 1454 դիմում, ինչը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվանից և կրկնակի ավելի՝ 2012 թվականից, երբ Վլադիմիր Պուտինը չորս տարի որպես վարչապետ պաշտոնավարելուց հետո վերադարձավ Կրեմլ: Ընդ որում, Ռուսաստանի նախագահի պաշտոնին Պուտինի վերադառնալուց հետո ԱՄՆ-ում ապաստան հայցող ռուսաստանցիների թիվը արդեն երրորդ տարին անընդմեջ աճում է:

Նման աճը միգրացիոն ոլորտի իրավաբանները կապում են Կրեմլի կողմից քաղաքական ճնշումների սաստկացման, ահագնացող կոռուպցիայի և սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության ու բռնությունների հետ: Նրանք հիշեցնում են, մասնավորապես, 2013-ին Ռուսաստանում ընդունված «ոչ ավանդական սեռական հարաբերությունների պրոպագանդան» դեռահասների շրջանում արգելող օրենքը, որը Արևմուտքը խտրական է համարում, թեև Մոսկվան համաձայն չէ այդ պնդմանը:

Նյու Յորքում աշխատող ներգաղթի հարցերով փաստաբան Ալենա Շաուցովան «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ այս տարի աճել է այն ռուսաստանցիներից դիմումների թիվը, ովքեր ընդդիմանում են Պուտինի քաղաքականությանը և գործողություններին, այդ թվում՝ Ղրիմի, Ուկրաինայի հարցերում:

«Նրանք կապվում են ինձ հետ և ասում․ - «Բավական է, այլևս չենք կարող այստեղ ապրել: Ինչպե՞ս կարող ենք ներգաղթել», - պատմել է փաստաբանը և հավելել, որ իրեն դիմողների թվում են ինչպես քաղաքական հայացքների համար հետապնդվողներ, այնպես էլ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Շաուցովան հայտնել է, որ վերջերս սկսել է աշխատել մի հաճախորդի հետ, ով պնդում է, որ իրեն հետապնդում է ոստիկանությունը՝ սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ցույցին մասնակցությունից հետո:

1994 թվականից ի վեր ռուսաստանցիները Միացյալ Նահանգներում ապաստան ստանալու համար ներկայացրել են 17 հազարից ավելի դիմում, որոնցից բավարարվել է 6 հազարը:

Այս տարի ապաստանի համար դիմումների թիվն ամենամեծն է 1994-ից հետո, երբ ԱՄՆ-ի կառավարությունը Խորհրդային Միության փլուզումից հետո ռուսաստանցիներից ստացել էր 2127 դիմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG