Մատչելիության հղումներ

Սիրիայում ռուսական և ամերիկյան օդուժի միջև հակամարտության մտահոգությունները աճում են


Սիրիա - Ռուսական Սու-25 ռազմական օդանավերը թռիչք են կատարում Լաթաքիայի ռազմաբազայից, հոկտեմբեր, 2015թ․
Սիրիա - Ռուսական Սու-25 ռազմական օդանավերը թռիչք են կատարում Լաթաքիայի ռազմաբազայից, հոկտեմբեր, 2015թ․

Թե՛ Ռուսաստանը և թե՛ Միացյալ Նահանգները աստիճանաբար մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը Սիրիայի տարածքում:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը հաստատել է, որ Ռուսաստանը զենիթային հրթիռներ է տեղակայել Սիրիայում:

Այսօր «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում հրապարակված հարցազրույցում նա ասել է, որ նման որոշում է ընդունվել՝ հաշվարկելով բոլոր հնարավոր սպառնալիքները: Օրինակի համար նա ասել է, որ Սիրիայի հարևան երկրներում կարող են ռազմական օդանավեր առևանգվել և հարձակվել ռուսական ուժերի վրա: Սիրիայում ռուսական օդուժի քանակի մասին նա հայտնել է, որ Ռուսաստանը ավելի քան 50 ռազմական օդանավեր և ուղղաթիռներ ունի Սիրիայում:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Ռուսաստանը ծանր հրետանի և ցամաքային այլ ուժեր է տեղակայում Հոմս և Համա քաղաքների մոտ, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում, այդպիսով ցամաքում ուժեղացնելով իր աջակցությունը կառավարական բանակին` պայքարելու ապստամբների դեմ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը նաև հայտնել է, որ Սիրիայում ավիահարվածների վրա Մոսկվան օրական 2-4 միլիոն դոլար է ծախսում:

Նուլանդը, ինչպես նաև պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Էնն Փեթերսոնը պարզաբանումներով հանդես են եկել նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումներում, որտեղ ոչ մեկ անգամ խստորեն քննադատվել է վարչակազմի ռազմավարությունը Սիրիայում:

«Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի անվտանգության հարցերով պաշտոնյաների ու անկախ փորձագետների, հաղորդում է, որ Սիրիայում Ռուսաստանը հիմա մոտավորապես 4 հազար զինծառայողներից կազմված զորք ունի: Պենտագոնի պաշտոնյաների տվյալներով՝ սեպտեմբերի վերջին, երբ սկսվեցին ավիահարվածները, Ռուսաստանը Սիրիայում մոտավորապես 2-հազարանոց զորախումբ ուներ:

Չնայած Մոսկվան պնդում է, որ իր ռազմական ուժը հարվածում է «Իսլամական պետության» խմբավորումներին, Պետդեպարտամենտի պաշտոնյաները ասել են, թե իրականում Ռուսաստանի հարվածների 90 տոկոսը կատարվել է Սիրիայի չափավոր ապստամբների դեմ, որոնց մի մասին վարժեցրել ու նաև զենքով աջակցություն է ցուցաբերել Միացյալ Նահանգները:

«Ռուսաստանի ռազմական միջամտությունը վտանգավոր աստիճանի խորացնում է առանց այդ էլ բարդ իրավիճակը», - ասել է Էնն Փեթերսոնը՝ հավելելով․ - «Մոսկվան ցինիկաբար փորձում է պնդել, որ իր հարվածների թիրախը ահաբեկիչներն են, բայց մինչև հիմա ավիահարվածների 85-90 տոկոսը չափավոր ընդդիմության դեմ է իրականացվել, ինչպես նաև սպանվել են քաղաքացիական անձինք»:

«Սա ավելի շուտ ոչ թե Ռուսաստանի պայքար է ահաբեկիչների դեմ, այլ ջանքեր՝ պահպանելու Ասադի ռեժիմը»,- հայտարարել է պետքարտուղարի օգնականը:

Նախկին Խորհրդային Միության սահմաններից դուրս Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում քանակով ամենախոշորն է վերջին երկու տասնամյակների ընթացքում: Ռուսաստանը Սիրիայում ունի հարձակողական կործանիչներ, հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր, տանկեր և զրահամեքենաներ:

Սիրիական կառավարական զորքերը, որոնց շարքերում, ինչպես հաղորդվում է, կան նաև իրանական ստորաբաժանումներ, հոկտեմբերից ցամաքային հարձակումներ են սկսել, սակայն ամերիկացի պաշտոնյաներն ու վերլուծաբաններն ասում են, որ հարձակումների հաջողությունները սահմանափակ են՝ նշելով Սաուդյան Արաբիայից ապստամբներին մատակարարվող ամերիկյան հակատանկային հրթիռների կարևոր գործոնն ու դերակատարությունը:

«Դա Ռուսաստանի կողմից զամբյուղի մեջ գնդակի ուժեղ նետում չէ», - ասել է Էնն Փեթերսոնը՝ հավելելով․ - «Չեմ ցանկանում ասել, թե նրանք ավելին են կծել, քան կարող են ծամել, բայց նրանք անտարակույս խնդիրներ կունենան, որոնց ստիպված կլինեն հակադարձել»:

Էնն Փեթերսոնը ոչ վերջին խնդիրներից է համարել Ռուսաստանի ներսում և սահմաններին մահմեդական ահռելի բնակչության առկայությունը:

Նշենք նաև, որ վերջին շրջանում Օբամայի վարչակազմը ևս աստիճանաբար մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Սիրիայի հյուսիսային շրջան են ուղարկվում 50-հոգանոց հատուկ ուժեր, որոնք քրդերի ջոկատներին օգնելու են պայքարել ահաբեկիչների դեմ: Վաշինգտոնը նաև լրացուցիչ ռազմական օդանավեր է ուղարկում Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմակայան: Հիմնականում այս հենակետից են թռիչքներ կատարում ամերիկյան մարտական օդանավերը՝ հարվածելու «Իսլամական պետության» խմբավորումներին:

Ըստ մեկնաբանների՝ Սիրիայում ռուսական և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի միջև հնարավոր հակամարտության մտահոգությունները աճում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG