Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է Նորքի տուն-ինտերնատ


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Նորքի տուն-ինտերնատ, ծանոթացել բնակիչների համար ստեղծված պայմաններին և հնարավորություններին

Կառավարության փոխանցմամբ՝ տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը նշել է, որ բոլոր բնակիչներն ապահովվում են օրական երեք անգամյա սնունդով, հագուստով և անկողնային պարագաներով, կա համապատասխան սոցիալական և բժշկական անձնակազմ, որն իրականացնում է տարեցների խնամքը, սոցիալ-կենցաղային, բժշկական և հոգեբանական ծառայությունների տրամադրումը:

Նա տեղեկացրել է, որ տուն-ինտերնատում արդեն գործում է դեղատուն, որտեղ տարեցներն ստանում են իրենց հասանելիք դեղորայքը, ինչպես նաև ստեղծվել է նորաբաց «Skype»-ի սենյակ, որի շնորհիվ նրանք հնարավորություն ունեն շփվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գտնվող ընտանիքի անդամների, բարեկամների և ընկերների հետ:​

Կառավարության ղեկավարը ճաշել է տարեցների հետ, զրույցի ընթացքում ծանոթացել նրանց առօրյային ու խնդիրներին:

«Երբ վարչապետը տուն-ինտերնատի ամենատարեց բնակչից՝ 102-ամյա Անուշավան Եղիազարյանից, հետաքրքրվել է, թե նա ինչի կարիք ունի, վերջինս Հովիկ Աբրահամյանին է ցույց տվել իր լուսանկարը, որում ինքը 76 տարեկանում հեծանիվ է վարում և նշել, որ հաճույքով նորից հեծանիվ կվարեր: Կառավարության ղեկավարն էլ խոստացել է Անուշավան Եղիազարյանին հեծանիվ նվիրել», - ասված է կառավարության հողարդագրությունում։

Վարչապետն առողջություն և բարեկեցություն է մաղթել տուն-ինտերնատի բնակիչներին՝ վստահեցնելով, որ կառավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում տարեցների խնամքի ու հոգածության հարցերը, նրանց խնդիրները:

Կառավարությունը նշում է, որ 230 տարեց կենսաթոշակառուի համար նախատեսված այս տուն-ինտերնատը ներկայում ունի 226 բնակիչ, ովքեր գտնվում են պետության լիակատար հոգածության և խնամքի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG