Մատչելիության հղումներ

Բուժականում «Նոր Հայաստան»-ի հավաքը չկայացավ


«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները՝ Բուժականում, 5-ը նոյեմբերի, 2015թ․

«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները՝ Բուժականում, 5-ը նոյեմբերի, 2015թ․

Կազմակերպիչները խոստացան այն անցկացնել մի քանի օրից

Այսօր Կոտայքի մարզի Բուժական գյուղում «Նոր Հայաստան» ընդդիմադիր միավորման ծրագրած հավաքը չկայացավ: «Նոր Հայաստան»-ի առաջնորդները նախ բախվեցին գյուղական իշխանության հարուցած խոչընդոտներին:

Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Նվեր Խաչատրյանը թույլ չէր տալիս գյուղապետարանի շենքից կախել «Ոչ՛ հանցավոր ռեժիմին, ո՛չ նոր Սահմանադրությանը» գրությամբ պաստառը: Արգելեց նաև օգտվել շենքը սնուցող էլեկտրականությունից, բարձրախոսները միացնելու համար:

«Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, օրենքի սահմաններում, ոչ թե չենք տալիս, այլ օրենքը թույլ չի տալիս, որ վարչական շենքում նմանատիպ պաստառներ փակցվեն կամ հանրահավաքներ անցկացվեն»,- ասաց գյուղապետարանի պաշտոնյան:

Քիչ ավելի ուշ հայտնի դարձավ, որ գյուղում մարդ է մահացել, և Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկեր՝ բուժականցի ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը գյուղապետարանի առջև հավաքված մի քանի մարդկանց խոստացավ մի քանի օրից անցկացնել նախատեսված հանրահավաքը:

Երևանից շուրջ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բուժականում Սեֆիլյանի գլխավորած գնդից այլ ազատամարտիկներ էլ կան, պաշտոնական տվյալներով շուրջ երկու հազար բնակիչ ունի համայնքը: Բայց նշանակված ժամին գյուղի կենտրոնը դատարկ էր, միայն ոստիկաններն էին ներկա:

«Բնականաբար, բավական բարդ է, ամբողջ ժողովուրդը գտնվում է վախի մթնոլորտում, սա ոչ միայն ոստիկանների պահն է, այլ համակարգային է»,- իր խոսքում նշեց Պավլիկ Մանուկյանը:

Ժիրայր Սեֆիլյանը տեղեկություններ ուներ, որ իրենց այցից առաջ գյուղում իրավապահներն են աշխատել, տուն առ տուն այցելելով՝ հոգեբանական ճնշում գործադրել:

«Ես հումորով կարող եմ ասել նաև, որ, հավանաբար, այս անգամ պատրաստվեն երկու անգամ կաշառք բաժանելուն: Մի անգամ դեկտեմբերի 1-ի նախօրյակին, մի անգամ էլ՝ դեկտեմբերի 6-ի նախօրյակին»,- ասաց Սեֆիլյանը:

Դեկտեմբերից մեկից Սեֆիլյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Ոտքի՛, Հայաստան» շարժումը մտադիր է անհնազանդության ակցիաներ սկսել Ազատության հրապարակում՝ տապալելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած հանրաքվեն: Մարզային այցերից ընդդիմադիրները եզրակացրել են՝ ժողովրդին սահմանադրական փոփոխությունները չեն հետաքրքրում, մարդիկ ուզում են, որ սոցիալական արդարությունը վերականգնվի․

«Երբ հայտնում ենք մեր մտադրությունների մասին՝ դեկտեմբերի 1-ից սկսվող՝ իշխանություններից ձերբազատման աշխատանքը, ես զգում եմ, որ բոլորի սրտից ենք խոսում»,- շարունակեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա և իր ընկերները դեռ մեղադրյալի կարգավիճակում են՝ իշխանափոխության սցենար ունեին նաև ապրիլի 24-ին, բայց հայտնվեցին ճաղերի հետևում: «Մեր գործը չկարճելով նրանք ցույց են տալիս բոլորին իրենց բռնատիրական բնույթը»:

Նոր Հայաստանը առաջիկա օրերին խմբերի բաժանված է շրջելու մարզերով՝ իրազեկելու մեկնարկող շարժման մասին:

XS
SM
MD
LG