Մատչելիության հղումներ

Կառավարության ներկայացուցչի պարզաբանմամբ, սակայն, խստացումը «լիցենզավորում չի կոչվում», դա ընդամենը «մրցութային արդյունքներով տրամադրվող իրավունք է» ենթադրում:

Հայաստանի կառավարությունն առաջիկայում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ՝ խստացնելու ավտոտրանսպորտով իրականացվող ուղևորափոխադրումների կարգը: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ պնդելով, որ այդ ուղղությամբ սկսել են աշխատել դեռ կես տարի առաջ:

«Այս պահին շրջանառության մեջ է, դեպքից առաջ, բնականաբար, նոր օրենսդրություն՝ կապված ուղևորափոխադրումների հետ, որը ենթադրում է մի փոքր ավելի վերահսկողություն այդ գործընթացների հետ կապված: Դա լիցենզավորում չի կոչվում, դա մրցութային արդյունքներով տրամադրվող իրավունք է՝ ուղևորափոխադրում իրականացնելու»,- պարզաբանեց փոխնախարարը:

Հայաստանում գործող կարգի համաձայն, ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները պարտավոր չեն լիցենզավորվել, ինչը նշանակում է, որ, օրինակ, Տրանսպորտի և կապի նախարարությունը չի վերահսկում ո՛չ տրանսպորտի տեխնիկական, ո՛չ վարորդի առողջական վիճակը:

Երկու օր առաջ Ռուսաստանի Տուլայի մարզում վթարի ենթարկված ուղևորափոխադրողը ևս լիցենզավորված չէր: Այդ պատահարի հետևանքով զոհվեց Հայաստանի ութ քաղաքացի, տուժածների թիվը շուրջ հինգ տասնյակ է:

Ըստ փոխնախարարի, կոնկրետ այս դեպքում «զրկելու բան չկա», տեղի են ունենալու ստանդարտ հետաքննական «պրոցեդուրաներ», և եթե քննությունը պարզի, որ «ընկերությունն ինքը, կամ որևէ այլ պաշտոնյա պատասխանատվության պետք է ենթարկվի, ապա կենթարկվի»:

Լրագրող Հակոբ Կարապետյանը սեփական փորձով է առնչվել նման խնդիրների: Նա նշում է, որ իշխանությունները վաղուց պետք է ուշադրություն դարձնեին ոլորտում առկա բարձիթողի վիճակին: Օրինակ բերեց՝ անգամ տոմս, որպես այդպիսին, չի եղել՝ ուղղակի վճարել ու գնացել է երկու ժամ ուշացած և գերծանրաբեռնված ավտոբուսով:

«Կապանից եկավ երկուսուկես ժամ ուշացումով, գերբեռնված միկրոավտոբուս, ինչքան հնարավոր անցք կար, ուղեբեռներ էին դրված»,- պատմում է լրագրողը:

Ի դեպ, այսօր առավոտյան Մոսկվայում ոստիկանությունը Երևան ուղևորվող երկու ավտոբուս է տեղափոխել հատուկ տարածք՝ արգելելով շարունակել ճանապարհը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, դրանց տեխզննման արդյունքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել, կապված, մասնավորապես, ավտոբուսների ղեկերի և արգելակման համակարգերի հետ, իսկ վարորդները ուղևորափոխադրումներ են իրականացրել առանց համապատասխան լիցենզիայի և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով:

«Վարորդները տարվել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Ցարիցինո շրջանի բաժանմունք և այժմ քննարկվում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը»,- հաղորդում է գործակալությունը՝ չնշելով, սակայն, թե որ երկրի ընկերությունը կամ ընկերություններն են իրականացրել ուղևորափոխադրումը: Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք այլընտրանք առաջարկվել է ուղևորներին:

Վերադառնալով Տուլայի մարզում տեղի ունեցած ավտովթարին՝ նշենք, որ այսօր գործադիրի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը կհոգա վիրավորների բուժման և զոհերի հուղարկավորման ծախսերը՝ մանրամասնելով, որ հարցը քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին ունեցած հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան հատուկ չվերթով Ռուսաստանից Երևան են տեղափոխվելու Տուլայի վթարից տուժածները և զոհվածների դիերը:

XS
SM
MD
LG