Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մոտ մեկ ամիս է մնացել, բայց քարոզի համար նախատեսված անվճար ցուցատախտակները դեռ դատարկ են:

«Ոչ»-ի ճակատում դա պայմանավորում են միջոցների սղությամբ:

«Երբ ուզում ենք ինչ-որ բան անել, մեզ անհրաժեշտ են ռեսուրսներ․․․ այդ ամենը հիմնականում դրանով է պայմանավորված», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Չե՛ք անցկացնի» շարժման ակտիվիստ Արմեն Գրիգորյանը՝ շարունակելով․ - ««Այո»-ինն էլ պայմանավորված է նրանով, որ իրենց հույսը չեն դրել դրա վրա: Իրենք որևիցե քայլ մինչև այս պահը չեն արել, որպեսզի քաղաքացուն համոզեն, որ քաղաքացին գնա «այո» ասի: Միայն «ոչ»-ի համար պայքարող ուժերն են քաղաքացուն համոզում, որ գնա «ոչ» ասի»:

Իշխող ՀՀԿ-ի քարոզչական շտաբի պետի տեղակալ Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, այսօր պնդել է՝ «Ոչ»-ը պարզապես ասելիք չունի։

Այդուհանդերձ, Հանրապետականը ևս չի շտապում օգտվել անվճար քարոզչության տախտակներից. առաջիկա ամսվա ընթացքում իշխող ուժը շեշտը դնելու է հեռուստատեսության վրա՝ խուսափելով ակտիվ հանրահավաքներից։

«Ոչ»-ի համատեղ շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը կռահում է, թե ինչու են հանրապետականները խուսափում ընտրողներին հանդիպելուց․ - «Թալանել են ժողովրդին, բերել մի ծանր վիճակի են հասցրել, առաջացրել են էս արտագաղթը․․․ Ու հետո գալիս են, ասում են՝ մի հատ էլ քվեարկեք, որ մենք մի քիչ էլ թալանենք, մի քիչ էլ կառավարենք: Իշխանությունը գիտի, որ «այո» քարոզելով ինքը ակտիվացնելու է ժողովրդին․ ստեղծելու է հետաքրքրություն սահմանադրական հանրաքվեի շուրջ: Իսկ ակտիվանալուց հետո հավանաբար քվեարկելու է «ոչ»-ի կողմը․․․ Դրանից իրենք սարսափում են: Դրա համար իրենք հիմա մտածում են՝ «ավելի լավ է մի քիչ հանգիստ պահենք՝ ինչքան հնարավոր է քիչ հետաքրքրություն հանրաքվեի շուրջ»:

Ի տարբերություն «այո»-ի թևի, «Չե՛ք անցկացնի»-ն «ոչ»-ի հիմնավորումները ներկայացնելու համար արդեն սկսել է օգտվել ինտերնետային ռեսուրսներից, արդեն ինտերնետային կայք էլ ունեն։ «Իրենց միակ հույսը՝ որպեսզի կարողանան ինչքան ուզեն, այդքան «խփեն»: Իրենց մոտ այդ մոտեցումը չկա՝ քարոզարշավ կազմակերպել․․․ ո՛չ էջ ունեն, ո՛չ կայք ունեն: Որևիցե բան չունեն, ընդամենը՝ պետական ռեսուրսները», - ասաց Արմեն Գրիգորյանը:

Հեռուստատեսային քարոզարշավը դեռ չսկսած ու անկախ մինչև օրս «Ոչ»-ի կամ «Այո»-ի ճակատների գործադրած ջանքերից, Ազգային ժողովի նախագահը երեկ գնահատել է՝ «այո»-ին հակադրվողներ կան, բայց հիմնականում Երևանում, իսկ համայնքներում «ոչ»-ի ազդակներ չկան։

«Ազատության» տեսախցիկը, մինչդեռ, այսօր այլ պատկեր է արձանագրել երեք մարզերում՝ Լոռիում, Շիրակում և Տավուշում:

XS
SM
MD
LG