Մատչելիության հղումներ

Գյուղնախարարի պնդմամբ, բերքը 99 տոկոսով իրացվել է


Արմավիրի մարզի Արևիկ գյուղի այգիներում մեծ քանակությամբ խաղողի բերք չի հավաքվել և փչացել է

Արմավիրի մարզի Արևիկ գյուղի այգիներում մեծ քանակությամբ խաղողի բերք չի հավաքվել և փչացել է

Գյուղացիները, ի պատասխան, ցույց են տալիս տոննաներով փչացած և այգիներում մնացած խաղողն ու բանջարեղենը:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի պնդմամբ, դեռ անցած գարնանն արած իր կանխատեսումները, թե գյուղացիներն այս տարի բերքի իրացման հետ կապված խնդիրներ չեն ունենա, իրականություն են դարձել։

«Մեր կանխատեսումները շատ ճիշտ էին, մթերման գործընթացը շատ սահուն անցավ, իհարկե՝ որոշակի խնդիրներ եղան, մենք էդ խնդիրները կարգավորեցինք: Տեսաք դուք, որ մեծածավալ մթերումներ իրականացվեցին՝ ինչպես խաղողի, այնպես էլ պտուղ-բանջարեղենի: Էսօրվա վիճակով կարելի է ասել՝ փառք ու պատիվ բոլոր մթերողներին...»,- այսօր ասաց գյուղնախարարը:

Նա չհամաձայնեց «Ազատության» դիտարկմանը, թե գյուղերում մարդիկ հիասթափված են. խաղողի և բանջարեղենի բերքի մի մասը մնացել է դաշտերում, չեն կարողանում իրացնել անգամ կիլոգրամի դիմաց 100 դրամով։

«Դաշտերում շատ փոքրածավալ, հնարավոր է, մնացած լինի, բանջարեղեն կամ խաղող, 99 տոկոսով բերքահավաքի աշխատանքներն ավարտվել են»:

Խորհրդարանում նախարարի արած այս հավաստիացումներին ի պատասխան, Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչներն այսօր ցույց էին տալիս իրենց այգիներում տոննաներով մնացած ու արդեն փչացած խաղողն ու պնդում. նման ծայրահեղ վատ վիճակում երբևէ չէին հայտնվել։ «Ոչ մի գրամ չենք իրացրել, մնացել ա բաղի մեջ խաղողը․․․»:

Արևիկցի Ռոստամ Մկրտչյանն անցած տարի 300-500 դրամով վաճառած խաղողն այսօր 20 դրամով էր հանձնում՝ որպես օղու հումք։ 15 տոննա սեղանի խաղողն այգում փչացել է՝ ժամանակին իրացման հնարավորության բացակայության և բերքը չհավաքելու պատճառով։

«Հինգ-վեց հարյուր դրամով խաղող էի ծախում, հիմա քո աչքի դեմը 20 դրամով տանում եմ զավոդին, բա մեր եկամուտը էս ա, վարկ ենք վերցրել, ուրախ-ուրախ արել ենք ամեն ինչ»,- ասում է Ռոստամ Մկրտչյանը:

Մինչդեռ, այսօր ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի քննարկումներին մասնակցելու եկած գյուղնախարարը դարձյալ պնդեց՝ ոլորտում ցուցանիշների աճն ակնառու է, և լուրջ հաջողություններ են գրանցել։

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն էլ հավաստիացրեց, թե հաջորդ տարի գյուղատնտեսության ոլորտին հատկացվող միջոցները չեն պակասի։ Նախատեսված 16 միլիարդ դրամի մոտ 38 տոկոսը վարկերի ու դրամաշնորհների տեսքով կտրամադրվի գյուղացիներին։ Մյուս մասն էլ կուղղվի ընթացիկ ծախսերին:

ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը չափազանց քիչ է համարում գյուղատնտեսությանը հատկացվող միջոցները։ «Պիտի փող տանք գյուղացուն, որպեսզի մեխանիզմ առնի վերջապես, նորմալ իրա վարուցանքը անի, և իրոք հասկանանք, որ գյուղատնտեսությունը համարվում է գերակա շահ»,- ասաց պատգամավորը:

Ֆինանսների փոխնախարարի պատասխանը կարճ էր՝ հարցադրմանը համաձայն է, բայց «փող չկա»։

Լյովա Խաչատրյանն էլ հակադարձեց․ - «Էդ Հյուսիս-հարավ ճանապարհը որ սարքում էք՝ ո՞վ գնա գա, եթե գյուղացին բերք չունեցավ՝ բերի քաղաք ծախի, էդ ճանապարհը 8 տարի է սարքում եք, կարելի էր էդ փողը դնել գյուղատնտեսության մեջ»։

XS
SM
MD
LG