Մատչելիության հղումներ

Հարավային Սուդանում վթարված տրանսպորտային օդանավի անձնակազմում հայեր կան


Հարավային Սուդանում վթարված բեռնատար ինքնաթիռի բեկորները, 4-ը նոյեմբերի, 2015թ․

Հարավային Սուդանում վթարված բեռնատար ինքնաթիռի բեկորները, 4-ը նոյեմբերի, 2015թ․

Այսօր Հարավային Սուդանում տրանսպորտային օդանավ է կործանվել, ինչի հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել: «Անտոնով» տիպի օդանավը կործանվել է թռիչքից քիչ անց, մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանի մոտ:

Ըստ այլ հաղորդումների, զոհերի թիվը կարող է 40-ը լինել: Օդանավում գտնող ու նաև գետնի վրա զոհված մարդկանց թվի մասին հստակ տվյալներ դեռևս չկան:

Հարավային Սուդանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ առնվազն երկու մարդ է փրկվել, որոնցից մեկը երեխա է, մյուսը՝ օդանավի անձնակազմի անդամ:

Նույն պատահարի առնչությամբ, LifeNews-ը հաղորդում է, որ վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի մեջ եղել են 12 ուղևորներ և անձնակազմի 6 անդամներ, որոնցից 5-ը ազգությամբ հայեր են, մեկը՝ ռուս:

Քիչ առաջ Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդեցին, որ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ են հաստատել Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի հետ, որտեղից հաստատել են, որ «նախնական տվյալներով՝ կործանված ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ն ազգությամբ հայեր են եղել»:

Ավելի վաղ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված է․

«Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին կործանված ԱՆ-12 ինքնաթիռը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից: Ըստ նախնական տվյալների՝ անձնակազմը բաղկացած էր նաև հայազգի օդաչուներից: Տվյալ պահին ՔԱԳՎ-ը կապ է հաստատել Տաջիկստանի ավիացիոն իշխանությունների հետ անձնակազմի անդամների ազգությունը ճշտելու նպատակով, որոնք ցանկացած դեպքում ՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն»:

Հիշեցնենք, անցած շաբաթ օրը Եգիպտոսում կործանվել է Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ մեկնող մարդատար օդանավը: Այս աղետի հետևանքով 224 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG